ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սաղաթելյանը ներկայացրեց ԱԺ-ում ներկայացվելիք հայտարարության նախագիծն ու իրենց վաղվա օրակարգը

Սաղաթելյանը ներկայացրեց ԱԺ-ում ներկայացվելիք հայտարարության նախագիծն ու իրենց վաղվա օրակարգը

Վաղը ակցիաները կսկսվեն ժամը 10։30-ին, Ֆրանսիայի հրապարակից երթով կշարժվենք դեպի ԲԴԽ՝ ի համերաշխություն զոհված զինծառայողների ծնողների բողոքի, իսկ ժամը 15։30 հատուկ գործողություններ կիրականացվեն Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի պատվիրակությանը դիմավորելու համար` ցույց տալու, որ ՀՀ գործող իշխանությունները այլեւս մանդատ չունեն հայ ժողողվրդին ներկայացնելու։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա խոսեց օրվա իրադարձությունների մասին, մասնավորապես՝ անդրադարձավ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։

Սաղաթելյանը նշեց, որ պատրաստվում են հայտարարության նախագիծ ներկայացնել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում։

Դիմելով իշխող խմբակցությանը՝ նա ասաց. ՛՛Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ՛՛:

Այնուհետև ԱԺ փոխնախագահը ներկայացրեց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը.

՛՛Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․

1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանարպետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։

4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ՛՛։

  • Կիսվել: