երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սա քաղաքական հետապնդման դրսևորում է. Վիգեն Սարգսյան

Սա քաղաքական հետապնդման դրսևորում է. Վիգեն Սարգսյան

Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, ՊՆ ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում բանակի համար արել եմ ավելին, քան կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ 5 տարում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն․

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է:

Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին:

Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով:

Պաշտպանության նախարար ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել եմ ավելին, քան փաշինյանական կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ այս հինգ տարիների ընթացքում:

Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթն, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է:

Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Այս պարագայում, նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից` իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին:

Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը, աշխատելով պետական տարբեր պաշտոններում, անհասկանալի եկամուտներով ձեռք էր բերել խոշոր գույք Հյուսիսային պողոտայում, որի վրա հետագայում կալանք դրվեց, սակայն Սարգսյանը ինչ-ինչ հանգամանքներում կարողացավ ճողոպրել ԱՄՆ, իսկ կալանքի տակ եղած գույքը վաճառել 2 մլն դոլարով և այդ գումարով ԱՄՆ-ում ձեռք բերեց շքեղ առանձնատուն։

 

  • Կիսվել: