կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր, բայց 2020-ից այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում. Գրիգորյան

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր, բայց 2020-ից այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում. Գրիգորյան

Ներքին Հանդի ճանապարհին տեղակայված՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ կետում կան սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, և նրանք այնտեղ են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ինքը ռուս սահմանապահների հասցեին հնչեցրած հայտարարություններով «փորձում է հաճոյանալ ինչ-որ մեկին Արևմուտքում»։

Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. «Ռուսաստանը, ըստ փաստաթղթերի, հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր։ Գուցե հիմա նրանք դա չեն ընդունում, և 2020 թվականից տեսնում ենք, որ 1990-ականներին դրված այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում։ Ռուսաստանն այնտեղ ներկայություն ունի, և չի կարողացել կանխել էսկալացիան»:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց. «Ես կարող եմ ասել, որ այս պահին ԵՄ դիտորդները դեպի Ներքին Հանդ և Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման մուտք չունեն։ Այդպիսի խնդիր կա, և մենք այդ խնդիրը հասցեագրելու ենք»:

Նշենք, որ, անդրադառնալով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական սադրանքրին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ և մեկ վիրավոր, Գրիգորյանը հայտարարել էր, որ այդ հատվածում գտնվող ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել սադրանքը։

Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է իրականությունը։

  • Կիսվել: