կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Նախ՝ մենք «Զանգեզուրի միջանցքից» չենք օգտվում, տարածաշրջանի այս հատվածի հետ կապված՝ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջևան անցնող երթուղիների մասին է։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկրորդ՝ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ Եվ մենք կողմ ենք, որ դա տեղի ունենա թափանցիկ, փոխշահավետ պայմաններով: Նման աշխատանք՝ ելնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու նրանց հարևանների շահերից, իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Դա շատ լավ գիտեն Երևանում։ Այդ խումբն իրավահավասար է:

Երրորդ՝ եռակողմ աշխատանքային խմբում կա ամուր ըմբռնում, որ երկրները պետք է ունենան ինքնիշխանություն և իրավազորություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ: Որևէ արտատարածքային միջանցք ստեղծելու մասին երբեք խոսք չի եղել։

Չորրորդ՝ եռակողմ խումբն իր աշխատանքն իրականացնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Դրանում հստակ նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայության դերն Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման գործում։ Ռուս սահմանապահները երկար տարիներ հաջողությամբ հսկում են Հայաստանի սահմաններն Իրանի և Թուրքիայի հետ՝ երկկողմ պայմանագրերի համաձայն։

Եվ մեկ կարևոր բան, որի մասին Երևանը լռում է, այն է, որ 2021 թվականի հունվարին երեք երկրի ղեկավարների մեկնարկած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը մինչ օրս այդպես էլ ավարտին չի հասցվել: Տարիների ընթացքում մենք մի քանի անգամ մոտեցել ենք փոխշահավետ լուծումների փաթեթ ընդունելուն, որպեսզի կողմերը կարողանան օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից։ Բայց այդ հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։ Այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները եռակողմ աշխատանքային խմբին հանձնարարեցին ավարտել աշխատանքն ապաշրջափակման վերաբերյալ տեխնիկական հարցերի համաձայնեցման շուրջ, մեկ շաբաթ անց՝ հունիսի 2-ին, եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ, զգալի առաջընթաց արձանագրվեց բանակցություններում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ, սակայն կրկին ինչ-որ մեկը խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա ավարտին հասցնելու պայմանավորվածությունները։ Եվ մենք գիտենք, որ դա Հայաստանի ներկա ղեկավարության արևմտյան ընկերների «բարի խորհուրդն է»։

Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը և նպաստում են նախակարգավորմանը, ինչպես տեսանք հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, որտեղ հայտարարությունն ընդունվեց առանց Ադրբեջանի։ Այսպիսով, Հայաստանը կարող է կտրված լինել տարածաշրջանային կոմունիկացիաների ապագա կոնֆիգուրացիայից»,-նշել է նա:

  • Կիսվել: