ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն

Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

Վերջինիս խոսքով՝ նա այժմ բուժման մեջ է, հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կլինի՝ ինչ ծավալով վիրահատություն իրականացնել. «Տարեց անձ է, որ մի քանի օրգան համակարգերի խնդիրներ ունի, այդ ամենը պիտի բուժվի այնպես, որ մեկը մյուսին չխանգարի»: 

Հարցին, թե երբ պարզ կլինեն հետազոտության արդյունքները, Չարչյանը դժվարացավ հստակ պատասխանել՝ ասելով, որ հնարավոր է՝ մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության: Նախնական հետազոտության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում: Նախորդ տարվա հոկտեմբերին եւս Քոչարյանն այնտեղ վիրահատության էր ենթարկվել:

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:

  • Կիսվել: