ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի. Ռուբինյան

ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի. Ռուբինյան

՛՛Քաղաքացիական պայմանագիրն՛՛ ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի: Այս մասին այսօր ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի, և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի՛՛:

Բացի այդ՝ Ռուբինյանը հավելեց. ՛՛Եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում՛՛:

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասել են, որ իշխանության օրակարգով ԱԺ չեն գալու, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց. ՛՛Ես էլ ասում եմ, որ իրենք գլուխները կախ կգան, որ չեկան, կքննարկենք՛՛:

Ավելի վաղ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն էր:

Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։

 

  • Կիսվել: