շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
ՔՊ-ն թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը. Բաքոյան

ՔՊ-ն թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը. Բաքոյան

«Եթե ընդդիմությունը չի ցանկանում աշխատել, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը»,- ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արմավիրի մարզի Տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով հուլիսի 1-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունված որոշումների մասին՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ընդդիմադիր երկու պատգամավորները զրկվել են իրենց պաշտոններից պաշտոնական պարտականությունները չկատարելու հիմքով։

Ուսանողների հարցերը հիմնականում առնչվել են կրթության ոլորտի խնդիրներին։

Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, լայնածավալ եւ համապարփակ բարեփոխումներ է իրականացնում բնագավառում։

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ ուսուցիչներին առաջին անգամ հնարավորություն է տրվել ատեստավորման միջոցով բարձրացնել սեփական աշխատավարձը։ Նրա հավաստմամբ՝ այս հանգամանքն ամենամեծ քայլն է կրթության ոլորտում։

Նա ուսանողներին հորդորել է հարգել ու պաշտել ուսուցիչներին, քանի որ նրանք իրականացնում են երեխաներին կրթելու եւ երկրի արժանի քաղաքացի ձեւավորելու մեծագույն առաքելություն։

Ազգային ժողով այցելել են նաեւ Ճարտարապետության եւ շինարանության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Նրանց հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Ուսանողական տարիներին երբեք չէի մտածում, որ կարող եմ դառնալ ԱԺ պատգամավոր։ Սակայն հեղափոխությունը հնարավորություն է տվել, որ մեր ստացած գիտելիքները ներդնենք երկրի զարգացման գործում»,- ասել է պատգամավորը:

Ալխաս Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրի առաջնային խնդիրներից է, եւ ամեն ինչ արվում է դրա որակի բարձրացման, հասանելիության եւ մատչելիության համար։
Ուսանողները մտահոգված էին մեր երկրի անվտանգային հարցերով, որը, ըստ նրանց, խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:

  • Կիսվել: