կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՔՊ-ականները միանո՞ւմ են Սրբազանի երթին. Արթուր Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել «օդում լուրերը»

ՔՊ-ականները միանո՞ւմ են Սրբազանի երթին. Արթուր Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել «օդում լուրերը»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի երեկվա հայտարարությունը, որ ՔՊ–ի բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
 
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց` արդյոք ՔՊ–ն բացառում է, որ նման ուղերձներ հղողներ կլինեն, Հովհաննիսյանն էլ պատասխանեց, թե չգիտի ինչի մասին է խոսքը։
 
«Որևէ մեկնաբանություն չունեմ։ Ես չգիտեմ նման հայտարարությունների հիմքում ինչ կա առհասարակ և ինչի համար են արվում»,–ասաց նա։
 
Հովհաննիսյանը չմոռացավ հիշեցնել, որ 2018 թվականից հետո ՀՀ–ն ժողովրդավար երկիր է,ուստի հավաքների ազատությունն ապահովված է բոլորի համար։
 
«ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար, 2018թ. ոչ բռնի, թավշյա և ժողովրդական հեղափոխությանից հետո բոլորն ականատես են եղել դրան, մեկնաբանություն չունեմ այլ առնչությամբ: ՔՊ կուսակցությունն այս պահին ամբողջությամբ լծված է ՀՀ անվտանգությունն ապահովելու գործում, սահմանազատման և սահմանագծման գործընթացին, խաղաղության գործընթացն առաջ տանելու գործում»,- նշեց նա:

  • Կիսվել: