հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔՊ-ականների պատասխանը եղել է համարժեք. Արեն Մկրտչյանը՝ Էդգար Ղազարյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունների մասին

ՔՊ-ականների պատասխանը եղել է համարժեք. Արեն Մկրտչյանը՝ Էդգար Ղազարյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունների մասին

Գնահատականս այն է, որ ՄԻՊ-ի թեկնածուն նման բառամթերքով եւ նման գնահատականներով ԱԺ չպետք է ներկայանա առհասարակ եւ իր քաղաքական գնահատականներում պետք է զուսպ լինի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով նախօրենի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցած նիստին, որտեղ ներկա էր ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ-ի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Իր քաղաքական գնահատականներում նա պետք է զուսպ լինի, որովհետեւ նա բոլորի մարդու իրավունքների պաշտպանն էր լինելու, այլ ոչ ընդդիմության: Ինչ վերաբերում է հեղափոխության մասին նրա հնչեցրած գնահատականին, վիրավորական բառամթերքին, ես դա խիստ անընդունելի եմ համարում: Առհասարակ աննորմալ է ՄԻՊ-ի նման թեկնածու առաջադրելը, ես նման նախադեպ չեմ հիշում, որ ՄԻՊ թեկնածուն նման բառապաշարով ներկայանա ԱԺ:»,-ասաց նա:

Հարցին, թե ՔՊ-ականների բառամթերքն ընդունելի համարո՞ւմ է, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Պատասխանը եղել է համարժեք»:

Լրագրողները ճշգրտող հարց հնչեցրին, թե որքանով են համարժեք «անասուն», «լեզուդ կկտրեմ», «հելեք տարեք սրան ստեղից» եւ այլ նմանատիպ արտահայտությունները: Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Էդգար Ղազարյանի վիրավորանքը հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ստացել է համարժեք պատասխան: Դետալների մեջ առաջարկում եմ չխորանալ, որովհետեւ նիստի ամբողջ ընթացքին հետեւել ենք բոլորս»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պատրաստվումէ  դիմել գլխավոր դատախազին՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու  վերաբերյալ, նա ասաց. «Իրենց որոշումն է, թող դիմեն: Եթե դատախազությունը հիմքեր տեսնի, կհարուցի գործ, չի տեսնի՝ չի հարուցի:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում էր ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: Ընդդիմադիր խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը հանդես եկավ մի շարք քաղաքական գնահատականներով, մասնավորապես, 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները որակեց որպես ադրբեջանաթուրքական հեղափոխություն, որից հետո կրքերը թեժացան: ՔՊ-ական պատգամավորները սկսեցին վիրավորական արտահայտություններով հանդես գալ: Ի վերջո, ՄԻՊ թեկնածու առաջադրվեց ՔՊ-ի թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը:

  • Կիսվել: