շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք. Արեն Մկրտչյան

Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք. Արեն Մկրտչյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ալավերդի համայնքի ղեկավարի ընտրությանը:
 
«Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, մեր թիմն այսօր ստանձնեց համայնքի կառավարումը։ 2022 թ. սեպտեմբերին ես ձեզ խոստում եմ տվել. այդ խոստումը չեմ մոռացել։ Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք։ Չկասկածեք։
 
Շնորհակալ եմ 6557 քաղաքացիներին, ովքեր մեզ տվեցին իրենց վստահության քվեն։ Մեզ չընտրած մեր սիրելի բնակիչներին կփորձենք հակառակն ապացուցել արված աշխատանքով։
 
Սարահարթի ու Հաղպատի ճանապարհները, զինվորների և կարիքավորների համար կառուցած տները, Թեղուտի 1200 աշխատատեղը, Հագվու դպրոցն ու կառուցած 4 ֆուտբոլի խաղադաշտերը, տասնյակ վիրահատությունների համար հայթայթած գումարներն ու սոցիալական ծրագրերը վկա։
 
Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ես դա չեմ անի, քանի որ այն պետք է լրացվի կատարվելիք նոր աշխատանքով, նոր արդյունքով։
 
Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, ես եկել եմ ձեզ ասելու` եկել է ձեր ժամանակը»,- գրել է Արեն Մկրտչյանը:
 

Լարված իրավիճակ է Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Ապրելու երկիր»-ից ավագանու մեկ անդամ նախաձեռնել են Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Թամազյանը պնդում է, որ գործընթացը հակաօրինական է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հակառակ փաստարկներն է բերում:

  • Կիսվել: