ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Արթուր Հովհաննիսյանի խոսքից հետո  ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Արթուր Հովհաննիսյանի խոսքից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցեցիներին. Ասում եք՝ սահմանազատումից հետո կիրանցին կհայտնվի ուղիղ նշանառության տակ. այսինքն՝ ասում եք՝ 30 տարի կիրանցին նշանառության տակ չէ, սահմանազատման գործընթացից հետո՞ է հայտնվելու ուղիղ նշանառության տակ: Պարզ է, չէ՞, որ այդպես չէ: Այս մասին, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Կիրանցի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին:

«Ընդդիմությունը եւ նրանց հետ փոխկապակցված խմբակները կատարում են պատվեր իրենց տերերի համար, Կիրանցի գլխին կռիվ բերելու եւ իրենց տերերի համար նոր տեղակայման վայր գտնելու համար: Ասում են՝  Կիրանցից հողեր են հանձնվում, անամոթաբար ստում են: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները վերականգնվելու են որպես պետական սահմաններ, հետևաբար ՀՀ սուվերեն սահմաններից ոչ մի միլիմետր չի զիջվելու:

Եթե մարդիկ ասում են՝ մենք հողեր ենք հանձնում, ես ակնկալում եմ, որ այդ մարդիկ գալու են այստեղ և խոստովանեն, որ Խեյրիմլին իրենց հայրենիքն է, որ իրենք ծնվել են Կըզըլ-Հաջիլիում, որ իրենց բարեկամներն ու հարազատները մինչ օրս ապրում են Կըզըլ-Հաջիլիում, Խեյրիմլիում: Թող գան, խոստովանեն: Ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել: Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ էստեղ ստեր հորինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց մարդկանց հուզական վիճակի հետ խաղալու համար, ընդգծեց՝ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին և բերքաբերցին, որոնք չպետք է ապրեն խրամատի՝ ուղիղ իրենց նայող նշանառության տակ, այլ պետք է ապրեն պետական սահմաններով:

«Որևէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով ԼՂ-ն: Ժպտում են պարոն Սեյրան Օհանյանը եւ Արծվիկ Մինասյանը, երբ ասացի, որ իրենք լուծարեցին ԼՂ-ն»,- նշեց պատգամավորը:

Երբ տեղից Արծվիկ Մինասյանն արձագանքեց, թե «սուտ ես ասում», Արթուր հովհաննիսյանն ասաց. «Սուտ ես ասում» չի, իմ հետ դու-ով չխոսեք: Ես ձեզ էլ եմ հորդորում պարոն Օհանյան, հանկարծ չհամարձակվեք դու-ով խոսել: Հարգանքով վերաբերվեք, հավաքեք ձեզ»:

Հովհաննիսյանի այս խոսքերից Արծվիկ Մինասյանը և Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեցին ելույթին, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Արծվիկ Մինասյանին եւ հանգստանալու կոչ արեց:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Դուք լսե՞լ եք ձեր խմբակցության պատգամավորներն ինչեր են խոսում: Դուք ձեր երեկվա ելույթը լսե՞լ եք, պարո՛ն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես ձեզ վիրավորում եմ, երբ ասում եմ, որ դուք անբարոյական ստեր եք ասում»:

Արծվիկ Մինասյանը տեղից անընդհատ ինչ-որ բան էր բղավում, Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ այսօրվա նիստի ընթացքում Մինասյանը զրկվում է ձայնի իրավունքից:

Արշակյանը խնդրեց Արթուր Հովհաննիսյանին անձնական որակումներ չտալ, խուսափել նման արտահայտություններից, Մինասյանին էլ հորդորեց նիստի ընթացքը չխանգարել:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Շնորհակալություն, որ ինձ խորհուրդ եք տալիս, որ ես չիջնեմ այդ պատգամավորների մակարդակին, բայց ես ոչ թե անձնական րակում էի տալի, այլ ստի բովանդակությունն էի նկարագրում:

Այո, ձեր ձեռամբ է ԼՂ-ն լուծարվել, դուք եք ամեն ինչ արել, հեղաշրջում եք արել, լուծարել եք ԼՂ-ն: Ուղղաթիռով էլ դեսանտ եք իջեցրել Հայաստան ու հիմա փորձում եք էստեղ մի բան անել: Սուտ եմ ասո՞ւմ»:

Դահլիճում իրավիճակը թեժացավ, երբ Հովհաննիսյանը հիշեցրեց երեկվա իր ելույթը, որում ընդդիմությանը մեղադրել էր ԼՂ-ում «պալատական հեղաշրջում» կազմակերպելու համար:

«Հարգելի՛ գործընկերներ, դուք լսե՞լ եք ձեր ելույթները մեր խմբակցության կամ գործընկերների հասցեին: Եթե մենք արձագանքենք ձեզ այնպես, ինչպես դուք մեզ, լավ չի լինելու: Ես հաթաթա չեմ տալիս, ասում եմ՝ գնացեք լսեք ձեր ելույթները: Վերանայեք ձեր խոսույթը, եթե չեք ուզում նույն խոսույթը լսել ձեր հասցեին»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: