ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քոչարյանը և նրա հետևորդները մարգինալ խումբ են, և Քոչարյանի քաղաքականացման ձգտումը քաղաքագիտությունից դուրս բան է. Լևոն Շիրինյան

Քոչարյանը և նրա հետևորդները մարգինալ խումբ են, և Քոչարյանի քաղաքականացման ձգտումը քաղաքագիտությունից դուրս բան է. Լևոն Շիրինյան

 2019 թվականի առաջին ու գլխավոր ձեռքբերումը ազատության նվաճումն է, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ամփոփելով անցնող քաղաքական տարին:

Նրա խոսքով, ազատության նվաճումը երկրում դրական փոփոխությունների հիմքն է: «Ժողովրդի՝ սեփական պետությանը և սեփական ճակատագրին տեր լինելու վճռականությունը ակնհայտ է: Կա նաև որոշակի անհամբերություն, անհնադուրժողականություն մաֆիայի և գողական աշխարհի հանդեպ», -ասաց Շիրինյանը: Նա «մաֆիա» ասելով նկատի ունի նախկին իշխանություններին: Քաղաքագետի խոսքով, նախկինները իշխանության գալու որևէ հնարավորություն չունեն: Անդրադառնալով երեկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող խմբի հավաքին և Քոչարյանի ուղերձին, թե պայքարի նոր փուլ է սկսվում, քաղաքագետը նկատեց. «Քոչարյանը քաղաքական ֆիգուրա չէ, նա քրեական պատասխանատվության է ենթարկվում:

Նրա քաղաքականացման ձգտումը քաղաքագիտությունից դուրս բան է: Դա մարգինալ խումբ է, շահառուներն էլ մտերիմներն են: Հասարակությունը սպասում է պատասխանի և ճիշտ կլինի, որ Քոչարյանը, որպես երկրի ղեկավարի աթոռը երկար տարիներ զբաղեցրած անձնավորություն, դատարանում ապացուցի իր անմեղությունը: Անցյալին վերադարձ չի լինում, դա հնարավոր բան չէ, իսկ նրա քաղաքականցման փորձերը բլեֆ են»: Դիտարկմանը, թե վերջերս ակտիվ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, Շիրինյանը արձագանքեց՝ դա անիրական է: Նրա պնդմամբ, նման քննարկումներ ծավալում են «Սերժի ռեժիմի հպատակները»: «Նոր խորհրդարանական ընտրություն անցկացվում է ոչ թե տապալվածների ու մեղա չեկածների ցանկությամբ, այլ քաղաքական ճգնաժամով պայմանավորված: Իսկ Հայաստանում նման ճգնաժամ չկա», -հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցություններին, Լևոն Շիրինյանը նկատեց, որ տարվա ընթացքում ամենակարևոր իրադարձությունն այն էր, երբ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետի կողմի Արցախը հայտարարվեց Հայաստանի անբաժան մաս: Բացի այդ, նա հիշեցրեց ՊՆախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, Հայաստանը մղելու է բացառապես կանխարգելիչ պատերազմ, ընդգծեց զինված ուժերում կատարվող խոշոր բարեփոխումները ու հավելեց. «Այս բոլորը կա և մնում է գլխավորը՝ այն, ինչը ժողովուրդը պատգամել է 2018 թվականի մայիսի 2-ին ընդվզելով գողապետության դեմ՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով, դա պետք է իջեցվի տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլ ոլորտներ: Ահագին աշխատանք կատարվել է, բայց իշխանությունը պետք է հետևողական լինի, իսկ ժողովուրդը պետք է անընդհատ պահանջատեր մնա և պարտադրի, որ բարեփոխումները կատարվեն»:

Դիտարկմանը, թե իշխանությունների ընդդիմախոսների պնդմամբ արդյունքում ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ է առաջանում, Շիրինյանը արձագանքեց. «Այո, գողապետության հանդեպ պետք է լինի ատելություն, Սերժի և Ռոբերտի միջավայրի հանդեպ պետք է լինի ատելություն: Նրանք պետություն քանդելու և քայքայելու քաղաքական կուրս են վարել: Նրանք վարել են պետության լիկվիդացիայի քաղաքականություն՝ իրենց տերերի հրահանգով: Այդպիսի քաղաքական կուրսի նկատմամբ սեր և համերաշխություն չի կարող լինել»:

  • Կիսվել: