հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ կրթության ոլորտում համագործակցության ներուժ կա. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ կրթության ոլորտում համագործակցության ներուժ կա. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Սխերմերսին և կարևորել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև՝ դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնելով:

«Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով ուրախ կլինենք զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Կողմերն ընդգծել են հատկապես կրթության ոլորտում համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում դիտարկել, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Քննարկվել է նաև գիտության և հետազոտության ոլորտում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա», «Էրազմուս+» համագործակցությունների ձևաչափով:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում:

Անդրադառնալով մշակութային ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու փոխհամագործակցությունը մշակույթի և ստեղծագործական ոլորտում: Նախարարը, մասնավորապես, առաջարկել է դիտարկել Նիդերլանդների մշակութային հարթակներում մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Ժ. Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են Հայաստանի նվագախմբերի հյուրախաղերը մի շարք օտարերկրյա պետություններում:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդեռլանդների Թագավորությունն ունեն մշակութային մի շարք ընդհանրություններ, որոնք կարող են կրթամշակութային ծրագրերի առիթ դառնալ:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի դիրքը համաշխարհային սպորտային քարտեզում ընդգծելու ուղղությամբ. «Ուրախ կլինենք Նիդերլանդների ներկայացուցիչներին ևս տեսնել Երևանում նախատեսված միջազգային մրցաշարերին: Կարող ենք դիտարկել նաև համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպումը»:

Դեսպան Սխերմերսը հայտնել է, որ 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Նիդերլանդների թիմը մասնակցել է. առաջիկա մրցաշարերին ևս մասնակիցներ կունենան:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: