ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Քաղաքացու հույսերը կարդարանան, երբ ուժային կառույցներն իրենց ֆունկցիոնալ խնդիրներից չեն շեղվի». Ա. Քոչարյան

«Քաղաքացու հույսերը կարդարանան, երբ ուժային կառույցներն իրենց ֆունկցիոնալ խնդիրներից չեն շեղվի». Ա. Քոչարյան

Անվտանգության ոլորտի ժողովրդավարացման խնդիրները մշտապես պետք է ունենան նորովի հայացք: 168.am-ի փոխանցմամբ, «Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» խորագրով վեբինարի ժամանակ ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«ՀՀ-ում, ըստ էության, փոխվեց ամեն ինչ այն առումով, որ ուժային կառույցները մեր երկրում օգտագործվում էին իշխանական նպատակներին ծառայեցնելու համար: Եվ հասարակությունը որոշում կայացնելով և լեգիտիմ պառլամենտ ձևավորելով՝ լուծեց մի շատ կարևոր խնդիր. մշտապես մեր փողոցներում բոլոր գործընթացներին՝ քաղաքական, հասարակական գործառույթներում, անընդհատ մեզ ուղեկցում էին ոստիկանական ուժերն իրենց փշալարերով, հիմա եթե տեսնում եք՝ քաղաքացիական բոլոր տեսակի դրսևորումների պարագայում փշալարերը, ոնց որ խոստացել էին, կժանգոտեն, և այսօր էլ չկան:

Եվ ուժայինների ու հասարակության հարաբերությունները կառուցվում են հիմնականում խոսքի, և, ըստ էության, պետական իշխանության լեգիտիմ դրսևորումների շրջանակում»,- պնդել է Քոչարյանը՝ ակնարկելով, որ այսօր հանրային կառավարումը բաց և թափանցիկ է իրականացվում, մինչդեռ իրենց հեղափոխությունից առաջ  այս առումով երկակի ստանդարտ կար. իշխանության համար բացն ուրիշ բան էր, թափանցիկը՝ ուրիշ, խոստումները՝ նույնպես, և բախվում էինք այլ իրականության:

«Ընտրությունից ընտրություն այդ թափանցիկությունը պարզապես խոսքեր էին, իսկ իրականությունը լրիվ այլ էր: Եվ մենք տարիներ շարունակ ձևավորում էինք իշխանություն ընտրությունների ժամանակ, որը կեղծիքների միջոցով էր իրականացվում: Այսօր ՀՀ-ում, բնականաբար, դա անցյալում է: Եվ մենք մեր գործընթացներն այնպես պիտի անենք, որ հետագայում իշխանության կողմից բացառվի որևիցե դրսևորում, որը կտանի այլ ուղղությամբ»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը՝ ակնարկելով, որ սա հասարակական պահանջ է:

Այս համատեքստում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը՝ անդրադառնալով ոստիկանական բարեփոխումներին, վստահեցրել է, թե դրանք թույլ կտան ունենալ  ոչ միայն լավ սպառազինված, այլև ինտելեկտուալ, լավ գիտելիքներով և բարոյական հրաշալի նկարագրով  ոստիկան:

«Այդ համակարգը մինչև գարուն պետք է այնքան հղկած լինենք, որ ոստիկանի ինտելեկտուալ, կրթական չափորոշիչը լինի առաջնային»,- ընդգծել է Քոչարյանը՝ լրացնելով, որ Նոր Հայաստանը նորովի պիտի դնի խնդիրները, և դրանցում չպետք է լինի խաբեություն:

«Մենք իրավունք չունենք հասարակությանը ներկայացնել մի գեղեցիկ, փայլուն  բան, բայց իրականում ստեղծենք մեկ այլ բան, որը չի արդարացնելու մեր քաղաքացու հույսերը: Իսկ քաղաքացու հույսերը կարդարանան, երբ մեր ուժային կառույցներն իրենց ֆունկցիոնալ խնդիրներից չեն շեղվի, և ամեն մեկը կիրականացնի իր պարտականությունները՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում՝ լինի Զինված ուժեր, Ոստիկանություն, ԱԱԾ,  Հատուկ ծառայություններ: Բոլորը պետք է իրենց սահմանված դաշտում իրականացնեն իրենց խնդիրները»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:

 

  • Կիսվել: