Կախած վիճակում հագիցդ կոշիկը հանելու եմ. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
Հերիք է ձեր ապօրինությունները ժողովրդի անվան տակ թաքցնեք. չկա մի գույք, որ վերցրել եք նախկիններից և տվել եք ժողովրդին, ընդամենը ձեր կուսակիցներին աշխատանքի եք տեղավորել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Երկրորդը, ես կարծում եմ, որ ավելորդ սեթևեթանք է, երբ որ հայտարարում եք, որ վարչապետը չի կարող դատախազությանը հանձնարարություն տալ։ Կարող է, լավ էլ տալիս է և ոչ միայն դատախազությանը։ Այդ ամբիոնից, դուք հանձնարարություններ եք տալիս քննչական կոմիտեին, հակակոռուպցիոնին, ԱԱԾ–ին, և իրենք էլ կատարում են ձեր ապօրինի հրամանները։
Հիմա հարցս, պարոն Փաշինյան, երբ դուք բողոքում եք դատաիրավական համակարգից, ինձ անկեղծ հետաքրքիր է այդ բողոքը ո՞ւմ է ուղղված, ձեր հոգու ճիչը ո՞ւմ է վերաբերվում, որովհետև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, որը դուք եք ստեղծել, դատավորները բարեվարքության կոնկրետ չափորոշիչների են ենթարկվել և քննություն են անցել, ինչը դուք ժամանակին պայմանավորում էիք և հիմնավորում էիք նրանով, որ կերաշխավորի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։
Հիմա այդ նույն մարմինները այդ նույն գույքերի վրա, տարիներ շարունակ կալանք են դրել, որևէ բան չեն կարողացել ապացուցել և ձեր հայտարարության անմիջապես հաջորդ օրը այդ գույքերը գնում և հակակոռուպցիոնի ու քննչականի կողմից կապարակնքվում են։ Հարցս հետևյալն է, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հիմքով են կապարակնքվել այդ օբյեկտները և որքան ժամանակ կապարակնքված կմնան, քանի որ մեր երկրում ամեն ինչ ցավոք սրտի որոշում եք դուք»,– հյտարարեց Խամոյանը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 135%ով, այսինքն կրկնապատիկից ավելի։ Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիների ձեռից վերցրել ենք և ուղղել ենք ժողովրդի կարիքները հոգալուն։ Այս թվի մեջ մտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, որոնք նախորդ շրջանի համեմատ ավելի քան կրկնապատկվել են։
Զարմանալի բան եք ասում, ասում է՝ ոչ մի բան չեն ապացուցել։ Լրացուցիչ ապացուցման կարիք ունի՞, որ ամբողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած անձը և նրա ընտանիքը 200, 300, 400 միլիոն դոլարի ունեցվածք ունի։ Ի՞նչը պիտի ապացուցենք, այդ ի՞նչ ապացույցի մասին եք խոսում։ Թե՞ նորմալ է, որ մարդը 10 տարի երկրի ղեկավար լինի, միլիոնատեր լինի։ Ես էլ հարց եմ տալիս՝ ես ութ տարի է վարչապետ եմ, ինչի՞ ես միլիոնատեր չեմ, այսինքն դուք խելոք եք, մենք ո՞չ։ Ասում է՝ հա։ Հեսա կտեսնենք՝ ով է խելոքը։ Այ այդպես տմբտմբացրեք գլուխներդ։ Սա ասում եմ, որ վերջին կոշիկները ձեռներներիցդ առնելու ենք»։
Այդ պահին տեղից «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանն ինչ–որ բան ասաց, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Մի ուղարկի, հագիցդ հանելու եք կախած վիճակում»։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նկտողություն հայտարարեց Վահագն Ալեքսանյանին «հորդ գլխին ուղարկի» արտահայտության համար։
Փաշինյանը շարունակեց. «Ինչ վերաբերվում է հակակոռուպցիոն և այլ դատարաններին, ինձ համար ակնհայտ է, որ դատաիրավական համակարգը պատշաճ արագությամբ և էֆեկտիվությամբ չի գործում և պետք է էֆեկտիվ գործի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի նման թալանչիները ոչ միայն մինչև վերջին կոպեկը ձեռքերից առնելու ենք, այլև պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության մարտի 1–ի, և մյուս հանցագործությունների համար։ Սա է իմ պատասխանը»։
Ագնեսա Խամոյանը նկատեց, որ Փաշինյանի թալանչի լինել–չլինելու հարցը կպարզի այն ժամանակ, երբ նա դադարի լինել վարչապետ. «Կամ գուցե թալանելու անհրաժեշտություն, այո, կարող է դուք չունեք, որովհետև ձեր կուսակիցը՝ Հայկ Սարգսյանը, սենսացիոն բացահայտումներ է արել, թե դուք ինչի մեջ եք խառնված։ Ուղղակիորեն ասել է, որ ամենաբարձր մակարդակով օնլայն կազինոները վայելում են իշխանության հովանավորչությունը։ Էդ որ սրա-նրա գույքը պետականացնում եք, իբր վերցնում եք, տալիս եք ժողովրդին, բայց ոչ մի բան էլ ժողովրդին չի հասնում, մի անգամ ձեր մտքով անցե՞լ է, «Վիվարոն» կամ մյուս օնլայն կազինոները, որ թալանում են այս ժողովրդին, ինքնասպանությունների պատճառ են դառնում, մի անգամ ձեր մտքով անցել է, որ քաղաքացու շահից է բխում, որ պետականացվեն։ Ի դեպ, դրա օրինակը դրսում շատ կա։ Մի անգամ դրա մասին մտածե՞լ եք, թե ձեր հետապնդումները բացառապես վերաբերում են այն մարդկանց, ովքեր ձեր քաղաքական ճաշակը չեն կիսում։
Բայց դուք այսօր ոչ միայն հետապնդման եք ենթարկում ձեր քաղաքական ընդդիմախոսներին, այլ նաև հարյուրավոր, հազարավոր մարդկանց, ովքեր այսօր աշխատանքից զրկված են նրա համար, որ դուք հրահանգել եք իրենց աշխատավայրերը կապարակնքել ու մինչև հիմա մարդիկ անգործ անորոշության մեջ նստած են»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Հանուն Հայաստանի Հանրապետության շահերի որոշակիացման, մարդիկ կարող են այո, այդ թվում անորոշ նստել։ Երկրորդը 2018 թվականի հունիսին, երբ որ Հայաստանում տնտեսական ակտիվության 11% ցուցանիշ է եղել, այդ ցուցանիշի 90%-ը կապված է եղել աշխարհի առաջնության հետ, որովհետև մարդիկ ստավկա դնելով տնտեսական աճ են ապահովել։
Մեր կառավարման տարիներին օնլայն կազինոների գործունեությունը սահմանափակվել է աննախադեպ ծավալներով և աննախադեպ չափերի, հարկային պարտավորությունները մեծացել են աննախադեպ ծավալներով և աննախադեպ չափերի։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ օնլայն կազինոները և ընդհանրապես այդ ոլորտը ավելի մեծ ֆիսկալ բեռի տակ չի եղել, քան եղել է այսօր և քան լինելու է 2027 թվականի հունվարի 1–ին։
Ինչ վերաբերում է ձեր նշած անձի հայտարարություններին, ես դրանց գնահատականներ տվել եմ բրիֆինգի ընթացքում, և ես կարծում եմ իրավապահները պետք է զբաղվեն դրանով, և հայտարարությունը պետք է ունենա իրավական հետևանք։ Ես ասել են, որ ճիշտ կլինի, որ դրա արդյունքում մարդ նստի բանտ։ Ընդհանրապես նման հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը պետք է հայտնվի բանտում։ Սա է իմ դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է, որ ես պիտի վարչապետ չլինեմ, դուք իշխանության էիք և բոլորը գիտեին, թե ե ումն է «Պիացա Գրանդեն», ումն է «Play սիթին»։



