շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինը համեմատել է Սոչիում եռակողմ և Պրահայում առանց Ռուսաստանի կայացած հանդիպումների արդյունքները

Պուտինը համեմատել է Սոչիում եռակողմ և Պրահայում առանց Ռուսաստանի կայացած հանդիպումների արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հայտարարությունից հետո մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են Սոչիում հանդիպման արդյունքները հարաբերակցվում Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության տեղի ունեցած հանդիպման արդյունքների հետ։

«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպմանը, մեզ համար պարզ է, թե ինչու առանց Ռուսաստանի մասնակցության, և կարիք չկա որևէ մեկին բացատրելու, ապա մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ փորձում են Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձևաչափերից։ Միանգամայն պարզ է, որ որոշ իրավիճակներում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, ինչպես, օրինակ, այս դեպքում։ Բայց մենք, մեր հերթին, միշտ ողջունում ենք կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Հետևաբար, ինչ վերաբերում է հարաբերակցվելուն, ապա դա հարաբերակցվում է միանգամայն բնական ճանապարհով, և մենք աջակցում ենք այն ամենին, ինչն ուղղված է առճակատման նվազեցմանը և կարգավորմանը, ինչպես ես արդեն ասել եմ», - ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակում կայացած քառակողմ հանդիպման (Ֆրանսիա, ԵԽ, Հայաստան, Ադրբեջան) արդյունքում հայտարարություն է ընդունվել:

Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Ստորև ներկայացնում ենք Սոչիի եռակողմ հայտարարության ամբողջական տեքստը՝ 

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:

Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»:

  • Կիսվել: