երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից․ Վազգեն Մանուկյան

Պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից․ Վազգեն Մանուկյան

Երբ 2018-ին հայտնվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա այն է, ինչի համար մենք պայքարում էինք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետեւ եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ են գրում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա 3 տարի հետո. Ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակլում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց.

«Մենք այսպիսի պետության մեջ էինք ուզում ապրե՞լ: Ի՞նչ  է կատարվում տնտեսության մեջ: Մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ: Բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ամեն մեկին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլից»: Կստուգենք, ճիշտ է թե ոչ»:

Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ.

«Բայց դրա համար կա նախապայման, այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո նոր կսկսվեն իրական քայլերը: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը, անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»:

Նշենք, որ հանրահավաքը մեկնարկել է շեփորի հնչյունների ներքո. Հնչեց այն մեղեդին, որը հնչում էր 1988-ի ղարաբաղյան շարժման ժամանակ:

Աղբյուր՝ news.am

 

  • Կիսվել: