Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները` միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու համար. քաղաքագետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով միջազգային հանրությանը հիշեցնում է «Գերանբոյի շրջանի Բալլըգայա գյուղում 1992թ. օգոստոսի 28-ին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի մասին»: Ըստ այդմ՝ «անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել գյուղի 24 խաղաղ բնակիչ»:
Ինչի՞ մասին է խոսքը: 1992թ. հունիսի 13-ից ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ, որ Արցախի Շահումյանի շրջանն է, ռուսական բանակի՝ Գյանջայում տեղակայված դեսանտային դիվիզիայի աջակցությամբ անցել է հարձակման եւ իրականացրել էթնիկ զտում: Շուրջ 20 հազար հայ մարդիկ զրկվել են հայրենիքից: Նրանց մեծ մասն այսօր էլ օտարության մեջ է: Շահումյանի շրջանի հայ բնակչության բռնատեղահանության ընթացքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, երեխաներ եւ ծերեր: Ինչպե՞ս կարող էին հայկական զինված ուժերը 1992թ. օգոստոսի 28-ին Գերանբոյ վերանվանված Շահումյանի շրջանի տարածքում որեւէ պատժիչ գործողություն իրականացնել, եթե արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը նշված ժամանակահատվածում անցնում էր Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան գյուղերին հարող բարձունքներով: Հակառակորդը հերթական անգամ նենգամտորեն խեղաթյուրում է իրականությունը: Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, Արցախի ԱԳՆ-ն պարտավոր է հերքել ալիեւյան քարոզչության կեղծիքը:
«Միաժամանակ, խիստ անհրաժեշտություն կա, որպեսզի հայկական կողմը ստեղծի հանձնաժողով՝ ուսումնասիրելու եւ վեր հանելու Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները եւ միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը»,- եզրափակում է քաղաքագետը:


