Լատվիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը
Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը, հիբրիդային սպառնալիքների ֆոնին, ԵՄ երկրներին կոչ է արել դադարեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ «Գրողը տանի, մի՛ թողեք ռուսներին Եվրոպա»,— Financial Times-ին (FT) տված հարցազրույցում հայտարարել է Կուլբերգսը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն պետք է այս հարցում կոշտ դիրքորոշում որդեգրի, քանի որ Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայում և սպառնում Եվրամիությանը, մինչդեռ որոշ երկրներ շարունակում են վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին՝ նրանցից ստացվող ֆինանսական շահույթի պատճառով։ Կուլբերգսը միաժամանակ շեշտել է, որ Լատվիան «ամեն օր» բախվում է Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքներին և այս տարի սպասում է վերջին հինգ տարիների ընթացքում երկրի սահմանը հատել փորձող միգրանտների ամենամեծ ներհոսքին։
Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան ավանդաբար այն երկրների շարքում են, որոնք ամենաշատ շենգենյան վիզաներն են տրամադրում Ռուսաստանի քաղաքացիներին, հիշեցնում է FT-ն։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ նրանց բաժին է ընկնում 2025 թվականին ռուսաստանցիներին տրված ավելի քան 600 հազար վիզաների մոտ 70%-ը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության խստացման հարցը։ «Անկասկած, մենք դեռևս ունենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն՝ մասնավորապես ինչպես անձնական, այնպես էլ գործնական այցերով Եվրամիություն մուտքը սահմանափակելու համար»,— նշել է Մերցը։
FT-ի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակի աղբյուրը նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է «էապես սահմանափակել» վիզաների տրամադրումը, մասնավորապես՝ արգելել դրանց տրամադրումը ռուսաստանցի նախկին զինվորականներին։ Դիվանագետների փոխանցմամբ՝ Իտալիան նույնպես բաց է այս հարցի շուրջ երկխոսության համար։ Իր հերթին Politico պարբերականը գրել էր, որ Եվրահանձնաժողովն ընդհանուր առմամբ նախապատրաստում է ՌԴ քաղաքացիների համար վիզային կանոնների խստացում։ Ավելի կոշտ սահմանափակումների, այդ թվում՝ Ուկրաինա ներխուժման մասնակիցների նկատմամբ, ձգտում են հասնել Լեհաստանը, Շվեդիան, Էստոնիան և մի շարք այլ երկրներ։ Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Ստրյոմերը նշել էր, որ գործող համակարգն անվտանգային սպառնալիքներ է ստեղծում՝ Մոսկվայի կողմից հրահրվող դիվերսիաների, հրկիզումների և այլ հիբրիդային գործողությունների մտավախությունների ֆոնին։
2025 թվականի նոյեմբերին ԵՄ-ն սահմանափակել էր ՌԴ քաղաքացիներին նոր բազմակի շենգենյան վիզաների տրամադրումը։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերին Բրյուսելը կասեցրել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, ինչը հանգեցրել էր պետական տուրքերի բարձրացման, դիմումների քննարկման ժամկետների երկարաձգման և փաստաթղթերի նկատմամբ պահանջների խստացման։



