Politico․ ԵՄ-ն մտնում է «քաղաքական փոթորկի» փուլ
Եվրամիության երկրների առաջնորդները համայնքի գագաթնաժողովում չեն կարողացել որևէ նշանակալի որոշում ընդունել, ինչը վկայում է ԵՄ քաղաքականության մեջ «կատարյալ փոթորկի» սկզբի մասին։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է եվրոպական Politico պարբերականը։
«Եվրամիությունը մտնում է կատարյալ քաղաքական փոթորկի փուլ»,- նշվում է հրապարակման վերնագրում։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ի առջև ծառացած խնդիրներին, որոնք կապված են 2028-2034 թվականների բյուջեի շուրջ տարաձայնությունների հետ, ավելանում է նաև ներքաղաքական ցնցումների հետևանքով առաջացած «իշխանական կաթվածը»։ Իրավիճակն ավելի է բարդացնում Իսպանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում սպասվող ընտրությունների հանգամանքը, որոնց արդյունքները կարող են ազդել համայնքի առանցքային որոշումների վրա։
Պարբերականի անանուն աղբյուրներից մեկը կարծում է, որ 2027 թվականին իրավիճակը «միայն կվատթարանա»։ Մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է մնալ առանց ակնհայտ առաջնորդի, որը համադրելի կլիներ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կամ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ։
ԵՄ գագաթնաժողովն անցկացվել է Բրյուսելում՝ հոկտեմբերի 15-16-ը։ Երկօրյա հանդիպման ընթացքում միության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ՝ հարուստ դոնոր երկրների և ավելի քիչ բարեկեցիկ՝ օգնություն ստացող պետությունների միջև առկա սուր տարաձայնությունների պատճառով։
Դոնոր երկրները մերժել են Եվրահանձնաժողովի՝ 1,76 տրիլիոն եվրոյի բյուջետային նախագիծը, որը նախատեսում էր ռազմական ծախսերի ավելացում։ Միևնույն ժամանակ, օգնություն ստացող երկրները չեն աջակցել բյուջեն 8 տոկոսով կրճատելու այլընտրանքային առաջարկին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան պետք է փոխզիջումային առաջարկներ մշակի ԵՄ արտահերթ գագաթնաժողովի համար, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։



