երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է շտապ վերադառնալ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը. ՌԴ ԱԳՆ

Պետք է շտապ վերադառնալ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը, ինչն, ըստ ռուսական կողմի, փոխել է հիմնարար պայմանները, որոնց պայմաններում ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը։

«Տարածաշրջանում տեղակայումից ի վեր ռուսական խաղաղապահ զորախումբը բարեխղճորեն իրականացրել է հրադադարի պահպանման և ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապերի ապահովման խնդիրները։ Մեր խաղաղապահները համակարգել են տեղում հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաև նպաստել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին։ Նույնիսկ այս ժամերին ռուսական խաղաղապահ զորախումբն օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական, և զբաղվում է տարհանմամբ։ Այժմ գլխավորն այն է, որ շտապ վերադառնանք 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը, դադարեցնում զինված առճակատումը և անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: