կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է լուրջ աշխատանք կատարենք, որովհետև սա շատ կարևոր ոլորտ է․ Խաչատուր Սուքիասյանը՝ ՏՏ ոլորտի մասին

Պետք է լուրջ աշխատանք կատարենք, որովհետև սա շատ կարևոր ոլորտ է․ Խաչատուր Սուքիասյանը՝ ՏՏ ոլորտի մասին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված՝ ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը քննարկման ընթացքում հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին՝ կապված համաշխարհային հարթակում IT ոլորտի փոփոխությունների հետ։ 

«Շատերը սնանկանում են, շատերը լուծարվում են։ Դուք պետք է  ամեն ինչ անեք, որպեսզի ՀՀ-ում եղած իրավիճակը ճիշտ գրանցեք, վիճակագրությունը ճիշտ վերլուծեք և ներկայացնենք մեր դատին։ Այս ամեն ինչը դրա համար է արվում, եթե հնարավոր է ասեք՝ կա՞ այդ ներուժը, որ մենք կարողանանք 2023թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակում այդ նյութերին ծանոթանալ, որպեսզի հասկանանք ինչ անել, որ ՀՀ հարթակը լինի մրցունակ»,- հետաքրքրվեց Սուքիասյանը։

Հարցին ի պատասխան՝  Սահակյանը նշեց, որ կա այդ ներուժը, նախարարությունում աշխատանքներ են տարվում տվյալների հավաքագրման, վերլուծության, ինչպես նաև համապատասխան գործընկերների ներգրավման համար․ «Միջազգային այդ տենդենցները և այս հորդորը  ստիպեց նորովի մոտենալ ոլորտի ռազմավարության մշակմանը և նոր գործիքակազմ առաջարկենք մեր ոլորտի ընկերությունների զարգացմանը»։

Պատգամավորը ողջունեց այս քայլը, նշելով, որ չպետք է շտապել՝ հասկանալու ՀՀ-ում ինչ ունենք այս պահին, և որ հատվածներում ինչ կարգի հարկային քաղաքականություն է պետք վարել։

«Լուրջ աշխատանք պետք է  կատարենք, որովհետև սա շատ կարևոր ոլորտ է»,- եզրափակեց միտքը Սուքիասյանը։

  • Կիսվել: