հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը՝ ՏՏ ոլորտի խնդիրների մասին

Մհեր Գրիգորյանը՝ ՏՏ ոլորտի խնդիրների մասին

Այս պահին e-drаft-ում դրված է կառավարության կողմից մշակված միջոցառման նախագիծ, որը վերաբերում է դրամով արտահայտված վաստակի անկման հատուցմանը, այն պետք է ժամանակավոր լինի, ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ դոլարի արժեզրկման հետևանքով ՏՏ ոլորտը խնդիրների առջև է կանգնած։

«Ցանկացած վաստակ կամ հասույթ, որը ստացվում է արտարժույթով, այս իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում թե՛ վաստակի, թե՛ հասույթի վրա, նույնիսկ վաճառքից ստացած հասույթի վրա։ Այս խնդիրը պետք է լուծում ստանա։ Այնուամենայնիվ, վաստակի պարագայում մարդիկ հաշվարկում են դրամով և խոսում են նվազման մասին, բայց չեն խոսում, որ դրան զուգահեռ գների աճը, որ պետք է տեղի ունենար ներմուծվող ապրանքների հետ կապված, չի եղել։ Եթե մարդկանց մոտ եկամուտների մասով կա անկում, պետք է ասել, որ ծախսերի մասով չկա այնպիսի գների աճ, որը կա աշխարհում», - հայտարարեց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետն ասաց, որ ինքն անձամբ դեմ է օրենսդրական փոփոխություններին, որով պետք է ադապտացիոն ֆունկցիա կատարեն։

«Ֆիսկալին էլ եմ դեմ, չի կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել։ Միջոցառումով կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց ճիշտ թիրախով»։

  • Կիսվել: