Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է՝
- ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը.
- ուսումնասիրության ժամկետը դարձնել 3 տարի.
- դատախազությանը տալ հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն.
- նախատեսել ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այս պահին դատարան է ներկայացվել 8 հայց 42 մլրդ դրամ հայցագնով:
«Նույնքան մոտավորապես ավարտած ունենք, ունենք համաձայնության գալու առաջին նախաձեռնությունը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում:
«Դատական համակարգն ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, շարունակում է այդպիսին մնալ. մենք պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: