շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ․ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց որդիները զոհվել են հանուն ապագա խաղաղության․ Փաշինյան

Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ․ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց որդիները զոհվել են հանուն ապագա խաղաղության․ Փաշինյան

Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը․

«Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։

Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան»,- նշել նա։

Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին,- հավելել է նա։ 

«Տեսեք, խոսում ենք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։

Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ»,- նշել է Փաշինյանը․

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցը ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է․ «Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է»,- ասել է Փաշինյանը։ 

  • Կիսվել: