ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն. Ռոբերտ Քոչարյան

Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն. Ռոբերտ Քոչարյան

«Մենք միշտ փորձում էինք ներգրավել Սփյուռքի պոտենցիալը Հայաստանի զարգացման գործում, միևնույն ժամանակ՝ հասկանալով, որ դա չի կարող լինել միակողմանի»,- այսօր՝ հունիսի 16-ին Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
 
«Հայ մնալու համար պետք է հայոց լեզու, հայ եկեղեցի, հայ ազգային արժեհամակարգի պահպանում։ Այդ նպատակով մենք Հայաստանում հայերենի ուսուցման դասընթացներ էինք կազմակերպում ոչ միայն Ջավախքից հայ ուսուցիչների համար, այլ՝ ամբողջ աշխարհից, դասագրքեր էինք հրապարակում։
 
Մեր կապը Ջավախքի հետ շատ ջերմ էր, մենք ազդեցություն ենք ունեցել այդ տարածաշրջանի վրա։ Հետագայում այդ կապը գնալով նվազեց։ Վրաստանում համապետական բոլոր ընտրությունների ժամանակ տեղի իշխանություններից մեզ դիմում էին, որ մենք աջակցենք նրանց՝ հայաբնակ շրջաններում։ Հիմա ոչ ոք չի դիմում, որովհետև այդ ազդեցությունը կորցրել ենք»,- նկատեց նախագահ Քոչարյանը։
 
Նա նաև նշեց. «Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն։ Իսկ հարգանք լինում է, եթե պետությունն արդյունավետ կառավարվում է, մարզերը համաչափ են զարգանում, աղքատության մակարդակը փոքր է լինում, եթե կա համերաշխություն, տնտեսությունը զարգանում է»:
 
Ըստ Քոչարյանի՝ նշված բոլոր չափորոշիչներով երկիր ունենալու համար շատ կարևոր է պետության տարածքային զարգացումը։ «Սա մեր ծրագրային դրույթներից է։ Սուտ կլինի ասել, որ վաղը Աշոցքը կլինի Երևանի պես զարգացած, բայց պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիներին կենցաղային բազային պայմաններով, կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ պայմաններով՝ արժանապատիվ աշխատանքով, վարձատրությամբ, լավ ճանապարհներով», - նշեց նախագահ Քոչարյանը։
 

  • Կիսվել: