շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետականություն ունենալու կամքի արտահայտությունն է, որ ՀՀ քաղաքացին ուզենա՝ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ․ Վարչապետ

Պետականություն ունենալու կամքի արտահայտությունն է, որ ՀՀ քաղաքացին ուզենա՝ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ․ Վարչապետ

2019 թվականին տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ ի հեճուկս իրենց իսկ կատարած հեղափոխության, ի հեճուկս կառավարության կոչերի, շարունակել են չթողարկել, չպահանջել ՀԴՄ-ներ, շարունակել են դուրս չգրել ուղեկցող փաստաթղթեր, այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում, հեռավար քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նա ընդգծեց, որ կարևոր է բյուջետային քննարկումները ոչ թե հաշվապահական ծախսերի դիտանկյունից քննարկել այլ քաղաքական համատեքստում։ «Բյուջեի նկատմամբ վերաբերմունքը ինձ համար հետևյալ հարցի պատասխանն է՝ հայ ժողովուրդը ունի՞ կամք պետականություն ունենալու, որովհետև պետական բյուջեն ՀՀ պետականության ողնաշարն է», -հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, պետականություն ունենալու կամքի արտահայտություն է նաև այն, որ ՀՀ քաղաքացին ուզենա, պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։

«Շատ կարևոր է արձանագրել՝ մենք մեր ընտանիքի առողջական կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ, մենք մեր ընտանիքի շինարարական կարիքները հոգալիս ուզում ենք դա անի, լա՞վ արհեստավոր, թե՞ վատ արհեստավոր», -ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց՝ այս կառավարությունը վայելում է պատմական տարիներում գործելու հնարավորությունը: Նախ՝ 2018 թվականը պատմական էր՝ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019-ը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցությամբ: 2020 թվականն առնվազն պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով:

  • Կիսվել: