երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պատերազմից հետո իշխանությունները ոչինչ չեն արել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ. Օհանյան

Պատերազմից հետո իշխանությունները ոչինչ չեն արել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ. Օհանյան

44-օրյա պատերազմից հետո անցած այս մեկուկես տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականագնելու, սահմանների մասին չեն մտածել, ընդհակառակը, նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնել միայն մայրաքաղաքում՝ ոստիկանական զորքեր, ՛՛կարմիրբերետավորներ՛՛։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենց աթոռները՛՛։

Այսպիսի պայմաններում, ըստ Օհանյանի, իրենց համար անընդունելի է ՛՛կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման՛՛։ ՛՛Մանավանդ այս պայմաններում, որ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ, առանց այդ պայմանների գնալ խաղաղության, դա նշանակում է՝ հետագայում տանել տնտեսական ճնշումների տակ, ժողովրդագրական պատկերը Հայաստանում կարող է փոխվել, բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, եթե առանց նախապայմանների է տեղի ունենում խաղաղության գործընթացը՛՛,-ասաց նա։

Օհանյանն ասաց, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը գործողությունների մի ամբողջ շարք է պլանավորել, որոնք պետք է իրականացնեն փողոցում։ Իսկ այն պահից ի վեր, երբ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումները շարունակական դարձան, իրենք, ըստ նրա, ի պաշտպանություն Արցախի սկսել են կոնկրետ գործողություններ անել:

 

  • Կիսվել: