շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Փաստ»․ Քաղաքական որոշում է կայացվել համայնքապետների հետ կապված

«Փաստ»․ Քաղաքական որոշում է կայացվել համայնքապետների հետ կապված

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ ՏԻՄ-երի միջեւ փոխհարաբերություններում գոյություն ունեցող խութերին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։

Քանիցս ենք նշել, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ամենացավոտ հատվածը հենց տարածքային կառույցներն ու «նախկին իշխանությունների» հետ ասոցացվող, իսկ ավելի ստույգ՝ «թրի տակով չանցած» համայնքապետներն են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում վերջերս քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ այդպիսի համայնքապետների հետ կապված կոնկրետ քայլեր են նախատեսվում իրականացվել՝ ընդհուպ ձերբակալություններ ու կալանավորումներ։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իրեն ամենաթույլն է զգում Լոռու եւ Սյունիքի մարզերում: Մասնավորաբար, Սյունիքում պլանավորել են մի շարք համայնքապետների նկատմամբ նման գործընթաց իրականացնել, ի մասնավորի խոսքը Կապանի եւ Մեղրիի համայնքապետների մասին է (Գորիսի քաղաքապետի նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, իսկ Կապանի քաղաքապետի բնակարանն են խուզարկել)։

Պատկերը տխուր է նաեւ Լոռու մարզում, որտեղ մոտ մեկ տարի է՝ թիրախում են Թումանյանի եւ Ստեփանավանի համայնքապետները, իսկ Օձունի եւ Շնողի համայնքապետների նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված։ Թե՛ մարզերի, թե՛ համայնքապետների ցուցակը, սակայն, սրանով չի սահմանափակվի:

Ըստ մեր աղբյուրների, այս հարցում իշխանությունների համար իսկական մահակ է հանդիսացել նաեւ խորհրդարանի կողմից վերջերս վավերացված՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: