Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման գործընթաց սկսելու մասին առաջարկներին
Սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկները, որոնք հայկական կողմը ներկայացրել է ՌԴ-ին ու Ադրբեջանին, վերաբերում են ոչ թե բուն սահմանազատմանը, այլ մինչ գործընթացի մեկնարկը անվտանգության միջոցառումներին։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայկական կողմի առաջարկների մասին:
Նա, ամսնավորապես, նշեց. ՛՛Առաջարկները հետևյալի մասին են. դուք գիտեք, որ Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիա` երկկողմ հանձնաժողովի ձևավորմամբ։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա՛՛,:
Վարչապետի խոսքով՝ դեռևս 2021թ–ի մայիսին ինքը հրապարակավ ներկայացրել էր սահմանից ԶՈւ հայելային հետքաշման առաջարկը։
Նա անդրադարձավ նաև հանձնաժողովի ձևավորման ժամկետներին և ասաց, որ այն որքան շուտ լինի, այնքան՝ լավ։
Փաշինյանի խոսքով՝ Բաքուն, ըստ էության, ևս կողմ է արտահայտվել առանց նախապայմանների սահմանազատման գործընթաց սկսելուն, ինչի մասին, ըստ նրա, վկայում է Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի արած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ ասել էր. ՛՛Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի՛՛:



