Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում, Արենի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Կարապետյանը և Դանիել Բաբայանը։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։



