Պարզ է, որ ուղղակի դիմակ չկրելու համար, չի կարելի ուժ կիրառել․ Նիկոլ Փաշինյան
Ոստիկանությունը ուժային կառույց է և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում իրավունք ունի կիրառել ուժ, պարզ է ուղղակի դիմակ չկրելու համար, չի կարելի ուժ կիրառել, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։
Պատգամավորի հայտարարությունը վերաբերում էր ոստիկանության կողմից ուժ կիրառելուն։
Նա դիմելով վարչապետին ասաց, որ Եվրոպայի անդամ երկրները այժմ մոնիտորինգի տակ են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերի համար և նշեց, որ դիմակ չկրելու համար քաղաքացու թևը ոլորելը և գետնին տապալելը դատապարտելի է։
«Ես կհամաձայնեմ ձեզ հետ թևը ոլորելու և գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չսահմանված կարգով, չսահմանված դեպքերում։ Բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը։ Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով», -հայտարարեց Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ, Փաշինյանը համաձայնեց Մարուքյանի դիտարկումների հետ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ազատությունների պաշտպանության առումով առաջընթաց է արձանագրել։


