հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փախստականների խնդիրը մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է․ ՀՀ նախագահ

Փախստականների խնդիրը մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գտնում է, Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է համայն հանրության ուշադրությունը հրավիրելու միլիոնավոր փախստականների և տեղահանված անձանց հիմնախնդիրներին։ Նախագահը նկատում է, որ հայերի պարագայում փախստականների խնդիրն առավել քան ցավոտ է, քանի որ այն դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է։ 

Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը խնդրել է ՀՀ նախագահին ներկայացնել իր ուղերձը՝ որպես մի երկրի նախագահ և ժողովրդի ներկայացուցիչ, որոնք բազմիցս են բախվել այդ երևույթին։

- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր: Ինչպիսի՞ն է Ձեր ուղերձը որպես մի երկրի նախագահ և մի ժողովրդի ներկայացուցիչ, որոնք պատմության ընթացքում բազմիցս են բախվել այդ երևույթին ու փախստականների խնդրին: 

-Մեր՝ հայերիս պարագայում փախստականների խնդիրն առավել քան ցավոտ է։ Այն դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է:  Ի վերջո, հայկական սփյուռքն իր բազմազան աշխարհագրությամբ հենց այդ երևույթի դրսևորումն է, որի բարձրակետը 1915թ. Հայոց ցեղասպանությունն է Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության հետևանքով է, որ հայությունն այսօր ցրված է աշխարհով մեկ՝ բռնի տեղահանված իր բնօրրանից և հայրենազրկված:

1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում ապաստան գտած մեր հայրենակիցներն  արդեն մեր օրերում ստիպված եղան կրկին անցնել կյանքի ու մահվան վտանգների միջով: Այդ երկրում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով նրանց զգալի մասը, ինչպես և Սիրիայում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչներ ,թողել են իրենց տուն ու տեղը եւ ցրվել աշխարհով մեկ: Մեր հայրենակիցներից շուրջ քսան հազարը եկել է Հայաստան:

1988 թվականին մեր ժողովուրդը բախվեց փախստականների նոր ալիքի: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, էթնիկական զտումների և ատելություն սերմանելու հետևանքով ավելի քան կես միլիոն հայեր ստիպված էին լքել իրենց օջախներն Արցախում եւ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում՝ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և այլուր: Նրանց զգալի մասը հանգրվանեց երկրաշարժի հետեւանքների ծանրագույն բեռի տակ գտնվող Հայաստանում, մյուսները բռնեցին տարագրության ուղին:

Թե՛ անցյալ դարասկզբին Թուրքիայում, թե՛ նույն դարի վերջին Ադրբեջանում, իսկ արդեն 21-րդ դարում Սիրիայում կատարվածը և ընդհանրապես փախստականը որպես երևույթ այլատյացության, բռնությունների, մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների անպատժելիության հետևանք են՝ անկախ ազգությունից, կրոնից ու ռասսայից։ Այս առումով աշխարհը համախմբման կարիք ունի ընդդեմ ատելության և ընդդեմ նրանց, ովքեր քարոզում են այն և իրենց գործողությունները իրականացնում այդ ելակետից:

Այսօր էլ փախստականները ողջ աշխարհում շարունակում են մնալ որպես բռնի ուժի և ագրեսիվ քաղաքականության զոհեր: Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է համայն հանրության ուշադրությունը հրավիրելու միլիոնավոր փախստականների և տեղահանված անձանց հիմնախնդիրներին: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհը ենթարկվում ու ենթարկվելու է տարաբնույթ փոփոխությունների: Նոր իրողությունների, նոր իրավիճակների պայմաններում փախստականների խնդիրը նույնպես, վստահաբար, պահանջելու է նոր մոտեցումներ և առավել ուշադրություն:

 

 

  • Կիսվել: