երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Որքան հնարավոր է շուտ՝ ուզում եմ գալ Հայաստան». Ստամբուլի քաղաքապետ

«Որքան հնարավոր է շուտ՝ ուզում եմ գալ Հայաստան». Ստամբուլի քաղաքապետ

«Հայերը Ստամբուլի, Թուրքիայի ազդեցիկ քաղաքացիներ են: Մենք միասին ապրում ենք ընկերական մթնոլորտում»,- Aravot.am-ի հարցին՝ որպես Ստամբուլի քաղաքապետ ինչպե՞ս կգնահատեք Ստամբուլում հայերի իրավունքների պաշտպանությունը, այսպես պատասխանեց Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն:

Էքրեմ Իմամօղլուն անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։ Մամուլում հրապարակումներ կան, որ ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն հնարավոր է՝ Թուրքիայի՝ 2023-ին սպասվող նախագահական ընտրություններում ներկայացնի իր թեկնածությունը:

Ինչպես հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը, Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023-ի հունիսի 18-ին: Էքրեմ Իմամօղլուի հետ կարճ հարցազրույց ունեցանք Ստամբուլում՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ:

Նա մեր զրույցում նշեց. «Մենք հայերի հետ ապրում ենք շատ ընկերական մթնոլորտում: Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ. աշխատում ենք միասին, մտածում ենք միասին: Մենք սիրում ենք հայերին, նրանք Ստամբուլի ազդեցիկ քաղաքացիներն են»: Ստամբուլի քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ իսկ Դուք ուզո՞ւմ եք գալ Հայաստան: Էքրեմ Իմամօղլուն պատասխանեց՝ այո: Հարցին՝ ե՞րբ եք պլանավորում Հայաստան այցը, Ստամբուլի քաղաքապետն ի պատասխան ասաց. «Ցավոք, դեռ չեմ պլանավորում, բայց որքան հնարավոր է շուտ՝ ես ուզում եմ գալ Հայաստան»:

  • Կիսվել: