երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի, օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ. Սոֆյա Հովսեփյան

Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի, օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ. Սոֆյա Հովսեփյան

Աչքովս ընկավ մի քանի գրառումներ այն մասին , որ չենք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամբ բռնությունը , թեև անմիջական ինձ չի ուղղված , բայց նաև ինձ է վերաբերում. ուստի խոսեմ, գրում է իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած մարդու նկատմամբ ՝ կին , տղամարդ , տարեց , թե երեխա , կարևոր չէ: Դատապարտել եմ , դատապարտում եմ և դատապարտելու եմ ...

 

Հիմա, երբ ասվում է չեք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամբ , հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ոչ նաև տղամարդ պատգամավորների, հաջորդ հարցը իսկ ի՞նչ կապ ունի պատգամավոր է, թե ոչ :

Այսօր մի նախադասություն էր պտտվում «Ես չեմ հիշում որևէ իշխանության օրոք , որ կին պատգամավորների շպրտեն գետնին և քարշ տան» : Հոգիս չեմ սևացնի ասեմ «այսօր նման բան չի եղել» , քանի որ չեմ հասցրել նայել բողոքի ակցիան և տեսել եմ մի քանի նկարներ միայն , որից կարող եմ ենթադրել ինչ -որ բան եղել է և այո ոստիկանությունը պետք է լինի շատ զգույշ , շատ պրոֆեսիոնալ , շատ կոռեկտ գործելաոճով : Նաև հոգիս չեմ սևացնի չհարցնել , թե « հարգելիներս այստեղ կուլմինացիան կին պատգամավորն է , թե առհասարակ կինը» : Եթե կինը , ապա բոլոր իշխանությունների ժամանկ ամենաանխիղճ վերաբերմունքին ենք արժանացել . ծեծ , ջարդ , ջրցան , վրաերթ , տարատեսակ պայթուցիկներ , բերման ենթարկվել ու այդպես շարունակ : Քանի որ բողոքի ակցիաներում «հնաբնակ» եմ , տեսել եմ ամեն ինչ , կրել եմ ամեն վերաբերմունքի հետևանք , տեսել եմ շատ անհանդուրժող վերաբերմունք մեր նկատմամբ և այլն , բայց հանուն արդարության ասեմ , որ չեմ նկատել որևէ կին պատգամավորի պահանջ , թե ինչու՞ եք ոստիկաններ քաշքշում էդ աղջիկներին , խփում , ծեծում , քարշ տալիս գետնով , հարվածում անողոք : Էլեկտրիկ Երևանը վկա , շատ հեռու չեմ գնա :

 

Չեմ ակնկալել , չեմ պահանջել՝ մտածել եմ ամեն մեկը պետք է իր ցանկությամբ դա անի , իր մտածողությամբ ու իր արժեհամակարգով :

Այսօր ես որպես պատգամավոր՝ ուղղակի դատապարտում եմ ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարած ամեն քայլ , անկախ նրանից , որ տեղյակ չեմ թե ինչեր է տեղի ունեցել , եթե կա գեթ մեկ անօրինություն , ապա դատապարտելի է, եթե կա գեթ մեկ բռնի վերաբերմունք ցանկացածի հանդեպ ,ապա դատապարտելի է ՝ անկախ պաշտոնից , եթե կա անհամաչափ գործողություններ , ապա դատապարտելի է և այդպես շարունակ :

Հիմա կասեք , բա պատգամավորը անձեռնամխելի է , իսկ կին պատգամավորը համ անձեռնամխելի է , համ էլ կին է , բայց ես չեմ համաձայնվի , քանի որ կրկնում եմ՝ բռնությունը «սեռ» չունի, առավել ևս «պաշտոն» : Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի , օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ :

 

Անօրինությունը սկսվում է այն ժամանակ , երբ օրենքը հավասարազոր չի կիրառվում : Ուստի խնդրանք, հորդոր, պահանջ իրավապահ բոլոր մարմիններին՝ օրենքի հավասար դաշտ բերեք բոլորիս և կիրառեք այն հավասարաչափ և ամենայն մանրակրկտությամբ : Ես ձգտում եմ ապրել օրենքի Հայաստանում , որտեղ այն չի հարցնում սեռ , պաշտոն , ունեցվածք և բոլորը հարգում են ու տեր կանգնում:

Առողջ եղեք, սա էլ պատմության մի էջ է :

Կարևորը երկիրն այս օրհասական վիճակից դուրս գա , մարդիկ առողջանան և վերադառնան իրենց տուն , բժիշկները վերադառնան իրենց բնականոն կյանքին մնացած հարցերը կլուծվեն իրենց հերթով և իրենց ժամանակին: Վստահ եմ բոլորդ եք կողմ , որ օրենքի առաջ բոլորս պետք է լինենք հավասար»:

  • Կիսվել: