չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Օլիգարխիան գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության. Բաբաջանյան

Օլիգարխիան գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության. Բաբաջանյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրականում միայն առաջին հայացքից է երևում իրավական կամ քաղաքական գործընթաց: Այսպես է կարծում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա այս մասին այսօր ասաց ԱԺ-ում հայտարարություններին ժամին և հավելեց. ՛՛Դրանք կատարվողի միայն արտաքին բնութագրիչներն են, մինչդեռ իրականում երևույթները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ՛՛:

Բաբաջանյանի խոսքով՝ այսօր իրերի բերումով բարիկադների մի կողմում հայտնվել են ինքնիշխանության դեմ կռվողներն ու ինքնիշխանությունը վաճառքի պատրաստ ուժերն ու գործիչները, մյուս կողմում՝ նրանք, որոնք, ըստ պատգամավորի, գուցե ոչ այդքան հաճելի ու ցանկալի միջոցներով, սակայն  պայքարում են հանուն Հայաստանում ինքնիշխանության:

Նա նշեց. ՛՛Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանն ամենամեծ վնասները հասցվել են 1997-98 թվականներից, երբ բռնազավթելով իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ երկրում հակաօրինական ու հակապետական ինստիտուտների ու կառուցակարգերի ստեղծմանը, որոնք իրենց էությամբ ու բնույթով ուղղված էին երկրի ինքնիշխանության դեմ։ Այդ համակարգերից ամենավտանգավորն ու ինքիշխանությանը ամենամեծ վնաս հասցրածը օլիգարխիան էր, որը կարճ ժամանակում սերտաճելով քրեական աշխարհի հետ՝ վերածվեց քրեաօլիգարխիայի՝ դառնալով հանցավոր իշխանության հիմնական հենարանը՛՛:

Պատգամավորը հավելեց, որ դրան հաջորդած ավելի քան քսան տարիներին քրեաօլիգարխիան կազմաքանդեց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերը՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի, այդ թվում՝ օտար կենտրոններին ծառայելու պարտադրանքի առաջ։

՛՛Վերջին ամիսներին էլ ականատեսն ենք դառնում, որ օլիգարխիան՝ զանազան հին ու նոր քաղաքական կամ պսևդոքաղաքական միավորների հովանու ներքո, գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության։ Մենք տեսնում ենք օտար տերերին անմնացորդ ծառայելու պատրաստ ուժերի, անհատների մրցավազք ու շքահանդես, ովքեր հանուն Հայաստանում իրենց կորցրած դիրքերի վերականգնման ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարումը՛՛,-ասաց Բաբաջանյանն ու նշեց, որ ինքն այսուհետ ԱԺ-ում ներկայացնում է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։

 

  • Կիսվել: