հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ. Մարուքյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ. Մարուքյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ: Այս մասին 168.am-ի ՛՛Պրեսսինգ՛՛ հաղորդաշարի ժամանակ ասել է ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է. ՛՛Որպես իրավաբան ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ՛՛:

Մարուքյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է, ուզենք թե չուզենք՝ միջազգային պայմանագրի նշանակություն ունի, ազդեցություն է ունեցել և կիրառվել ու կիրառվում է ստորագրվելուց հետո:

Հատուկ հանձնարարություններով դեսպանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթին՝ ասելով, որ այնտեղ հանցակազմ չկա:

Մարուքյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում կարո՞ղ է դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. բնավ ոչ, որովհետև դա քաղաքական ելույթ էր, վերլուծություն էր անցածի և ապագայի մասին բաց խոսակցություն:

Ես ինքս մեղադրել եմ վարչապետին, որ նա պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսի, ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերաորակեն, իրենք պետք է ասեին՝ եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլինի: Այդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի՛՛:

Նա նաեւ նշել է, որ ֆունդամենտալ դեր ունի նախկին իշխանությունը, որն ասում է՝ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում է փոխզիջման, կամ սկսվում է պատերազմ: ՛՛Այս իշխանությանն իրենք մղել են անկյուն և իրենք մեղավոր են նաև դրա համար, որ չեն ասել՝ եղբայր, եկեք ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, այս հողերը պետք է հանձնել՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: