ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նորօրյա Ջուղայի ուրվականը. ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի անշարժ պատմամշակութային կոթողներին

Նորօրյա Ջուղայի ուրվականը. ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի անշարժ պատմամշակութային կոթողներին

Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված եւ նոյեմբերի 10-ի հրադադարով առաջիկայում հանձնվող տարածքներում են գտնվում հարյուրավոր պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր անշարժ մշակութային ժառանգությանը՝ մշակութային կոթողներ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, Տիգրանակերտի հնավայր եւ այլ հուշարձաններ, որոնք հաշված օրերի ընթացքում հայտնվելու են բարբարոսների տնօրինության տակ: Թերեւս, կասկածից դուրս է, որ վտանգված է Արցախի պատմամշակութային հուշարձանների գոյությունը, դրանք կամ կարժանանան Նախիջեւանի Ջուղայի խաչքարերի ճակատագրին, կամ պատմական կեղծարարության միջոցով «ադրբեջանականացման» ճանապարհով կանցնեն։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը նշեց, որ կան մի քանի ճանապարհներ, որոնց միջոցով սովորաբար Ադրբեջանը յուրացրել եւ յուրացնելու է հայերի մշակութային ժառանգությունը։ «Միանշանակ է, որ առավել հայտնի, վաղուց ճանաչում գտած հուշարձանները, ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը, Գտչավանքը եւ այլն, ինչպես նախկինում, հռչակվելու են որպես աղվանական եւ արտաքնապես որոշակիորեն պահպանվելով մնալու են։ Մինչդեռ բոլոր այն եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք, իրենց կարծիքով, այնքան էլ հայտնի չեն գիտական կամ մասնագիտական հանրությանը, ապա դրանք միանշանակ կոչնչացվեն»,-ասաց օրաթերթի զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ իրենք կազմել են մոնիտորինգի խումբ եւ հետեւում են տեղի ունեցող գործընթացներին ու դեպքերին։ Նշենք, որ համացանցում հայտնվել են մի շարք տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպիսի ոգեւորությամբ է թուրք բարբարոսը ջարդում եւ պղծում հայկական խաչքարերը, հուշարձանները, քանդակները։ Եվ դա իրականացնում է ամենայն հպարտությամբ։

 

Հ. Պետրոսյանի խոսքերով՝ այն դեպքում, երբ հուշարձանները ճանաչելի են միջազգային հանրությանը, եւ հնարավոր չէ ոչնչացնել առանց որեւէ, թեկուզ ձեւական պատասխանատվության, ապա դրանք հռչակելու են իրենց սեփական ժառանգությունը։ Մինչ օրս էլ մեր եկեղեցիներն ու վանքերը համարում են աղվանական, քանի որ իրենց իսկ կողմից ստեղծված կեղծ տեսություններից մեկի հիման վրա իրենք, իբր, աղվանների ժառանգներ են։

Դրանց թվում եզակի եւ պատմամշակութային համալիր է Տիգրանակերտը։ Պատմաբանի կարծիքով, Ադրբեջանն անդրադառնալու է Տիգրանակերտի պեղումներին՝ նշելով, թե տեսեք հայերն ինչպիսի բարբարոսական պեղումներ են իրականացրել, ինչպես են վնասել իրենց մշակույթը, ինչպես են ստել՝ ներկայացնելով որպես հայկական։ Հետո սկսելու են պատմություններ հորինել եւ, ցավոք, շարունակելու են մեր հայ գիտնականների կիսատ թողած պեղումներն արդեն ադրբեջանական ոճով։

Քարվաճառի շրջանի զարդն է Դադիվանքը, որի պատերին 100-ից ավելի արձանագրություններ կան։

Հադրութի շրջանում է մնացել Գտչավանքը, որը նույնպես բացառիկ եկեղեցիներից է։ 4-րդ դարում կառուցված Ամարասի վանքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է Արցախի առաջին դպրոցը։ Արցախում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել բնական եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողների, որոնք առաջիկայում միգուցե պահպանվեն միայն լուսանկարներում, տեսանյութերում եւ մեր հիշողություններում։

 

Միջազգային կառույցներից, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ից սպասելիքներ չկան։ «Ինչպես այս պատերազմի ընթացքում որեւէ միջազգային կառույց որեւէ դեր չխաղաց, երբ կոտորում էին մարդկանց, նմանապես որեւէ դերակատարում չեն խաղա, բացի ընդհանուր կոչերից, նաեւ այս դեպքում։ Մինչդեռ այսօրվա համաշխարհային, եվրոպական արժեքներով իբրեւ թե մարդն էր համարվում ամենաբարձր արժեքը»,-շեշտեց օրաթերթի զրուցակիցը։

Հավելենք, որ միջազգային կառույցներն ամուլ են, քանի որ որոշումներ են կայացնում խիղճը վաճառած պաշտոնյաները։ Ապրում ենք մի աշխարհում, որտեղ նավթի գինն ավելի բարձր է, քան հայ մարդու արյան գինը։ Միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ այդպես էլ ոչինչ չարվեց՝ պատժելու համար Ջուղայի եզակի խաչքարերը ոչնչացնող մարդագազանը, ընդհակառակը, որպես ծաղր եւ ապտակ մեր արժեհամակարգին, Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Ավելին՝ անցած հունիսի 30- հուլիսի 10-ը Բաքվում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը, որտեղ պետք է քննարկեին համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցերը։ Ադրբեջանը կարծես գերեզմանոց լինի միջազգային կառույցների, քաղաքակրթությունների եւ համամարդկային արժեքների համար։

Այնուամենայնիվ, ինչ կարելի է անել՝ փրկելու համար մեր պատմամշակութային ժառանգությունը։ Այդ ուղղությամբ ներկայումս հնարավորությունների եւ կարողությունների շրջանակներում որոշ քայլեր են ձեռնարկվում Արցախի, ինչպես նաեւ հայաստանյան պետական եւ եկեղեցական համապատասխան մարմինների կողմից։ Օրաթերթի զրուցակիցը նախընտրեց այս պահին չբարձրաձայնել այդ քայլերի մասին. «Մասնագիտական եւ պատասխանատու հանրույթն իր կարողացածի եւ հասկացածի չափով փորձում է ինչ-որ բան անել՝ նկատի ունենալով բոլոր հանգամանքները»։

Հայաստանի Հանրապետություն/Արմենպրես։

  • Կիսվել: