ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր մեղադրանքի մասին մենք տեղեկություն չունենք․ Միքայել Մինասյանի փաստաբանը հերքում է ՊԵԿ-ի հայտարարությունը

Նոր մեղադրանքի մասին մենք տեղեկություն չունենք․ Միքայել Մինասյանի փաստաբանը հերքում է ՊԵԿ-ի հայտարարությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հերթում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից պաշտոնապես տարածված հաղորդագրությամբ հայտնված այն տեղեկությունը, որ Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեկանա գործում ի հայտ են եկել հանցագործության նոր դրվագներ։

«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, ես դա ասում եմ պաշտոնապես, որովհետև եթե նման բան լիներ, վարույթն իրականացնող մարմինը իմ կամ իմ գործընկերոջ հետ կկապվեին և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմանը կծանոթացնեին։ Դա բացարձակ ապատեղեկատվություն է», -InfoPort.am-ին տեղեկացրեց Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ խոսքը ՊԵԿ-ի կողմից քիչ առաջ տարածած հաղորդագրության մասին է, որի համաձայն քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):

Այս փաստերի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեր հարցին, թե ո՞վ է Ռոզա Ստեփանյանը, ի պատասխան փաստաբանն ասաց, որ ինքը չի ճանաչում տվյալ անձին և կարող է խոսել միայն Միքայել Մինասյանի անունից։ Դիտարկմանը, թե գուցե քննիչը չի ծանոթացրել պաշտպանական կողմին առաջադրված նոր մեղադրանքի մասին, բայց դա իրական լինի, փաստաբանը արձագանքեց․

«Օրենքն է պահանջում կողմին տեղյակ պահել, ծանոթացնել գործողությունների մասին, հակառակը անօրինական է»։

Այս քրեական գործի մասին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և մասնավորապես, գրել․

«Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։

Փաստաբանի համար տարակուսելի է՝ ի՞նչ է նշանակում է «մեր այթիշնիկները»։

«Անկեծ զարմացած եմ, ի՞նչ է նշանակում մեր այթիշնիկները։ Ինձ թվում է՝ արդեն ամեն ինչ ասված է՝ ինչպես է քրեական գործը ստեղծվել ու ինչեր են արվել», -հավելեց փաստաբանը։

  • Կիսվել: