հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր Հայաստանում պաշտոնյան հաճախակի չի կարող կատարել ծախս, որը միանվագ գրեազանցում է 2 մլն դրամը․ ԱԺ պատգամավորը՝ հայտարարագրման նոր ինստիտուտի մասին

Նոր Հայաստանում պաշտոնյան հաճախակի չի կարող կատարել ծախս, որը միանվագ գրեազանցում է 2 մլն դրամը․ ԱԺ պատգամավորը՝ հայտարարագրման նոր ինստիտուտի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ՝ նոր Հայաստանում չի կարող լինել պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ միանվագ 2 մլն դրամի գնում կատարել։

«Ներկայացված նախագծով հայտարարագրվելու են կոնկրետ տեսակի ծախսեր՝ հանգստի, շարժական և անշարժ գույքի վարձակալության, վերանորոգման վրա կատարվող ծախսերը և դրանք չպետք է գերազանցեն միանվագ 2 մլն դրամը։ Ես կարծում եմ, որ համենայնդեպս նոր Հայաստանի պաշտոնյայի կյանքում հաճախ չեն կարող լինել դեպքերը, երբ վերջինը ստիպված լինի հայտարարգրել մեկ տարվա ընթացքում 2 մլն-ից ավելի կատարած ծախս, այսինքն՝ նորօրյա Հայաստանում պաշտոնյան հաճախակի չի կարող կատարել ծախս, որը միանվագ գրեազանցում է 2 մլն դրամը», -հայտարարեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ կառավարության ներկայացրած «Հանրային ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով, առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը։


Օրենսդրական փաթեթով սահմանվում է, որ սպառիչ թվարկված ծախսերը հետևյալն են՝ հանգստի համար կատարված ծախսերը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման համար վճարվող վարձավճարները, ինչպես նաև՝ վարկի մարմանն ու անշարժ գույքի վերանորոգմանն ուղղված ծախսերը։


Նախարարը տեղեկացրել էր նաև, որ ընդհնարապես, որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, ենթակա կլինի հայտարագրման։

  • Կիսվել: