շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում․ Տեր Զարեհ Աշուրյան

Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում․ Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով.

«Եթե  եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն  եկեղեցու հարաբերությունները  լավ  չեն Աստծու հետ: Պողոս  առաքյալից մի  մեջբերում  անեմ, ասում է՝  չկա  իշխանություն, որ Աստծուց  չլինի,  ով հակառակվում  է իշխանությանը,  Աստծուն է հակառակվում,  թող  եկեղեցին  իր հավատի,  իր էության  մասին մտածի»,-եզրափակեց վարչապետը:

Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Մասնավորապես,  եթե « չկա իշխանություն,  որ Աստծուց  չլինի»,  ապա  այդ դեպքում՝

1. ինչո՞ւ Դուք  գլխավորեցիք  հանրապետության երրորդ  նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը  և « մերժեցիք Սերժին», 

 2. ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,

 3. Եվ վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը,  Հայոց  Եկեղեցին:

Եթե անկախ Հայաստանի  «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ»  վարչապետն իրոք հավատում է,  որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում»  ի դեմս երկու նախագաների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը,  թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք,  որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին,  քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին  տածել է Դ-Ե դարերում արդեն, որին  կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով: Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը  դեռևս առաջին  դարում  է սահմանել՝  եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության,  ինչպես  նաև  եկեղեցու մասին Պողոս առաքյալի  բնորոշումը: Փաշինյանը հավանաբար  մոռացել է, որ ԵԿԵՂԵՑԻ բառը հուն.  εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն  որևէ  ձևով նույնական  չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին: Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:

Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ  է, թող հպատակվի նրան.  քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած  իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ  խոսքը  միայն աշխարհիկ  իշխանությանը  չի վերաբերում, այլ իշխանությանն  առհադարակ: Եվ ավելին: Հրեական  մտածողության մեջ իշխանությունը՝  մյուսների մասին հոգ տանելու կարողությունն  է,  որն անմիջական

կախման  մեջ է գտնվում  Աստծու  կամքից:  Ըստ այնմ՝ բոլոր  նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր,  քահանա, դպիր, պետք է Աստծու անունից  գործեն՝ իրենց  ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա: 

Ամփոփենք:  Եթե Պողոս առաքյալի փաշինյանական  մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները  պետք է հնազանդվեին փարավոնին և  առնվազն  կոտորվեին,  որ Հիսուսին  խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և  վերջապես, որ  1915 թ. հայոց ցեղասպանությունը  ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ: 

Այսպիսով՝  շարունակենք  աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար»:

Հիշեցնենք, նախօրեին ԱԺ արտահերթ նիստում՝ իր ելույթի ժամանակ անդրադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերություները լավ չեն Աստծո հետ և դա համաձայն քրիստոնեական տեսության»։

  • Կիսվել: