երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նման բան չէր եղել Տիգրան Մեծից հետո. Սաակաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նման բան չէր եղել Տիգրան Մեծից հետո. Սաակաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ 2019թ. տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, գրում է news.am-ը:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից: Նման բան տեղի չէր ունեցել ո՛չ իմ, ո՛չ էլ նույնիսկ Շևարդնաձեի կառավարման տարիներին, նման բան տեղի չէր ունեցել Տիգրան Մեծից հետո։  Չկա որևէ հիմք՝ ոչ աշխարհագրական, ոչ էլ ռեսուրսների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան Վրաստանի: Սակայն այս «հնարքը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին համեմատել է իր և Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի ցուցանիշերը՝ նշելով, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի հաշվով կազմում էր 1000 դոլար, իսկ իր ղեկավարման տարիներին այն քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Նրա խոսքով՝ եթե 2012-ին Վրաստանի «աղետը» չլիներ, իր կառավարությունը չէր հեռանա, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակին:

«Այսօր, երբ օտարերկրացուն հարցնում են՝ Վրաստանը ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը մի պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

  • Կիսվել: