Մեծ Բրիտանիան հայտարարել է Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցների սահմանման մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը հայտարարել է, որ իր երկիրը «միջոցներ կձեռնարկի» Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման համար ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների դեմ, տեղեկացնում է BBC-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Դուք կբախվեք Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ողջ խստությանը»:
ԱԳ նախարարը հավելել է, որ Մեծ Բրիտանիայում կարգելվի նաև «անօրինական բնակավայրերի» գովազդը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ այս պատժամիջոցների թիրախն «անօրինական բնակավայրերն են, այլ ոչ թե Իսրայելը»։
«Մեծ Բրիտանիան կարգելի ապրանքների ներմուծումն անօրինականորեն օկուպացված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից»,-ասել է Միլիբենդը։
Նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարծում է, որ Արևմտյան ափի տարածքներում էթնիկ զտումներ են տեղի ունենում։ Նա հավելել է, որ երկար ժամանակ բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Արևմտյան ափում բնակավայրերն անօրինական են։
«Այսօր ես հայտարարում եմ, որ բրիտանական կառավարության պաշտոնական տեսակետն այն է, որ օկուպացիան անօրինական է»,-ասել է նախարարը։
Նա Գազայի հատվածի վերաբերյալ կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ապամոնտաժել իր զենքերը և քանդել «ահաբեկչական ենթակառուցվածքը»։ Նրա խոսքով՝ 20-կետանոց խաղաղության ծրագրի համաձայն՝ «ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ դեր խաղալ Գազայի ապագա կառավարման գործում»։
Նախարարը հավելել է, որ Մեծ Բրիտանիան արդեն կասեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայում օգտագործվող ավելի քան 30 զենքի լիցենզիա, որոնք, նրա խոսքով, «լիովին ուժի մեջ են»։
Նա շեշտել է, որ իր հայտարարած միջոցառումների շարքը «հստակ ուղերձ» է Իսրայելի կառավարությանը, «օկուպացված տարածքներում գտնվող պաղեստինցիներին և աշխարհին», որ «մենք չենք համաձայնի երկու պետությունների սկզբունքով կարգավորման ոչնչացմանը»։



