չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախորդ իշխանությունների օրոք հենց Ազգային ժողովի դահլիճում մենք կորցրինք մեր առաջնորդին. Սասուն Միքայելյան

Նախորդ իշխանությունների օրոք հենց Ազգային ժողովի դահլիճում մենք կորցրինք մեր առաջնորդին. Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ,

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տասնամյակ առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է:
Ես իմ հայտարարություններում, հարցազրույցներում, եւ առհասարակ միշտ կրկնում եմ, որ մենք ծառայում ենք մեր հայրենիքին, մենք մեր ժողովրդի, մեր բանակի կողքին ենք: Ժողովրդի ծոցից ծնված ԵՐԿՐԱՊԱՀԸ կարող է լինել միայն ժողովրդի կողքին: Երկրապահը պահել ու պահելու է ժողովրդի ներքին եւ արտաքին անվտանգությունը:

Նախորդ իշխանությունների օրոք հենց ազգային ժողովի դահլիճում մենք կորցրեցինք մեր առաջնորդին: Նախորդ իշխանության վերադարձի, նախորդ ամեն ինչի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է:

ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունն անսահման էր, նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակելու նրա գործը՝ պահպանելով այն գաղափարախոսությունը, որ երկրապահը բանակի հիմքն ու հիմնաքարն է՝ եղել է ու կլինի բանակի կողքին, երկրապահը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը իր մեջ ուժ գտավ, վերջապես ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն եւ ազատագրեց Արցախ աշխարհը:

Ես հորդորում եւ կոչ եմ անում ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության:

Համավարակի այս օրերին առավել կարեւոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը: Քաղաքական հաշիվներից բխող յուրաքանչյուր քայլի արդյունքում մենք կունենանք թե՛ ներքին քաղաքական ձախողումներ, թե՛ նաեւ արտաքին քաղաքական: Իսկ դա արդեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ Հայաստանի շահերի դեմ է, ուստի Երկրապահը չի կարող ներգրավված լինել դրա մեջ։
Եվ ի վերջո չմոռանանք, որ մենք ունենք թշնամի, որն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ոտնձգություն իրականացնել, որ մենք ամեն վայրկյան կարող ենք առերսվել նոր պատերազմի:

Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված:

  • Կիսվել: