Նախկին նախագահները Փաշինյանի բանավեճի հրավերը մերժեցին, քանի որ չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել․ Կոնջորյան
Վարչապետը հրավիրել է երկրի նախկին ղեկավարներին և կա կարգավիճակների համարժեքության համապատասխանության հարց: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու ցանկություն են հայտնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կարծում եմ՝ այդքանով հասկանալի է, թե ինչու էր ակնկալիքը հենց այդպիսին, որպեսզի նախկին նախագահները գան և իրենք իրենց դեմքով հրապարակային, բանավեճի միջոցով այն փաստարկները, որոնք իրենք ներկայացնում են տարբեր մարդկանց, պատգամավորների միջոցով ի վերջո գան և ուղիղ իրենք խոսեն դրա մասին:
Ես տեսա, որ հարցադրում էր արվում, թե ինչու հենց հիմա այդ հարցը բարձրացավ։ Ամեն քառօրյայի ժամանակ հայտարարությունների ժամին, կառավարության հարցուպատասխանի ժամին այս հարցը միշտ ընդդիմությունը բարձրացնում է, վարչապետը միշտ պատասխանում է, և ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ ու հանրության առջև նաև ազնիվ կլիներ նախորդ նախագահների կողմից, որ բացի իրենց ներկայացուցիչների միջոցով վարչապետին հարցեր ուղղելը, գան և ուղիղ իրենք հենց այդ մասին խոսեն:
Տեսաք, որ իրենք հրաժարվեցին: Ինչո՞ւ հրաժարվեցին, իմ համոզմունքն այն է, որ իրենք չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով, հրապարակային կերպով ժողովրդի առջև»,- ընդգծեց Կոնջորյանը:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի առաջարկին, Կոնջորյանն ասաց. «Վարդան Օսկանյանը հնչեցրել է առաջարկ, եթե հանրային քաղաքական դաշտում կլինեն գործընկերներ, որոնք ցանկություն կհայտնեն բանավիճել Վարդան Օսկանյանի հետ, կարծում եմ իրենք արտահայտեն»:
Դիտարկմանը, որ եթե իսկապես, 1994-ից հետո բանակցությունները եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու մասին, ինչու՞ այդ մասին ավելի վաղ չի խոսել, ինչու՞ է հայտարարել, որ սկսում է զրոյական կետից, որ Արցախը Հայաստան է և վերջ, ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե հիշում եք, վարչապետն ասաց, որ ինքը մի սխալ է արել, որ երբ որ ծանոթացել է բանակցության պատմությանը և այդ պահին եղած թղթերին, ինքը ևս ապրելով Հայաստանում և ունենալով հայրենասիրության այն մոդելը, որը որ 30 տարի Հայաստանում կառուցվել էր, ինքը այդ բանը ժողովրդին չի հանրայնացրել»:
Նրա խոսքով, նախկին իշխանությունները երկու բևեռացված աշխարհներ են ստեղծել. «Մի կողմից գնացել են միջազգային հանրությանը, խոստացել են, ասել են, երաշխավորել են, որ հետ են տալու տարածքները, հետո եկել են Հայաստան և ասել են՝ ոչ, սիրելի ժողովուրդ, մենք ունենք ամենամարտունակ բանակը, մենք պիտի կռվենք մինչև վերջ, Ղարաբաղի հարցը լուծվելու է ազգերի ինքնորոշման համատեքստում, հանդես են եկել Ղարաբաղի անկախ պետություն դառնալու դիրքերից, բայց այդպես էլ չեն ճանաչել, Ինչու՞ չեն արել: Որովհետև նախորդ իշխանությունների համար Ղարաբաղի հարցը եղել է ներքաղաքական խնդիր, եղել է ՀՀ-ում իշխանությունը զավթելու և պահելու միջոց։
Քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէր, կարելի էր ասել՝ ժողովուրդ ջան, ամենի վրա աչք փակեք, կոռուպցիա կա, արդարություն չկա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, արտագաղթ կա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, արտագաղթ կա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, և այլն»,- ընդգծեց Կոնջորյանը:
Նա նկատեց, որ հանրությունը բոլորի գործած սխալներին իր գնահատականը տալիս է ընտրությունների ժամանակ. «Մի անգամ ամենավերջին դեպքը ընտրությունների ժամանակ տվել է հանրությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հաջորդ գնահատականը կտա հաջորդ հերթական ընտրություններին»: