Էդ «ԹելՍելը» ոչ ու բարովը բերեցիք կապեցիք մեր գլխին, որ այսքան չարիք է բերել, դրա տերը ո՞վ է լինելու. Մեսրոպ Մանուկյան
Պարոն Գալջյան, ես ձեզ և բոլոր նստած ՔՊ-ականներին մեղադրում եմ հովանավորչության մեջ, որովհետև «ԼիլիանԱրմ» ընկերության հարցը, որ խուսափեցիք քննարկել, ուղիղ ՔՊ-ական ընկերություն է, որովհետև ձեր ցուցակով ավագանու թեկնածու է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ականներին կարող է տանել Երևանյան լիճ, Նանսենի այգի, 105 մանկապարտեզ, որտեղ այդ ընկերությունը շինարարության աշխատանքներում «խայտառակություններ» է ի հայտ բերել։
«Ձեր ավագանու թեկնածու ընկերությունը խայտառակություն է անում, 2.5 մլն դոլար էլ նորից եք ուզում տանեք տաք... 305 մլն դրամ էր թիվ 105 մանկապարտեզի վրա է մսխել, բառիս բուն իմաստով»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նա փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին ասաց որ նա է այդ աշխատանքների կուռացիան արել և առաջիկայում իր «նոր հերոսն» է լինելու։
«Անցած տարի այս ժամանակաշրջանում, երբ որ միայն «Երևան ավտոբուս»-ը 100 դրամներով և ձեր մեղադրանքով, վարորդների փող գողանալով, օրական 28 մլն դրամ փող էին հավաքում: Հիմա թանկացրել են տրանսպորտը, 20 % մասնավորը դուրս է եկել, պետք է գումարն ավելանար: Օրական մետրոյով երթեւեկում է 75-80 հազար մարդ: 10 հազարը, ասենք անվճար է երթեւեկում: 70 հազարը բազմապատկեք 150 դրամով, 10 մլն դրամից ավել է լինում: Էլեկտրատրսնապորտն է բոնուս Սուրեն Գրիգորյանին: Օրական հավաքում եք 33 մլն դրամ, այն պարագայում, երբ միայն մետրոյով օրական 10 մլն է մուտքագրվում, էլեկտրատրանսպորտը ձեզ քեշքեշ, 20 %-ն էլ դուրս է եկել, դուք տեղն եք մտել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը և հավելեց. «Ժողովուրդ ջան, գրագիտության կորուստ ունեք, որովհետև այդ փողը կորում է, «ԹելՍելը» գալիս է մեջ-մեջ է անում, կամ ուրիշ խնդիր կա։ 21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ով է պատասխան տալու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ տարեվերջին նվազագույնը 6-8 մլրդ հանրային տրանսպորտի ուղեվարձից պալանավորված մուտքերը թերակատարելու են և ով է պատասխան տալու։
«Էդ «ԹելՍելը» ոչ ու բարովը բերեցիք կապեցիք մեր գլխին, որ այսքան չարիք է բերել, դրա տերը ո՞վ է լինելու։ Նորմալ երկիր լինեինք, ոտից կկախեին դրա պատասխանատուին»,-հայտարարեց Մանուկյանը և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին խորհուրդ տվեց, որ սխալ պլանավորողներին «խեղդի», որովհետև իրենք տեղում չեն, քանի որ սխալ պլանավորումը ավելի մեծ չարիք է, այդ պատճառով էլ աղբահանության գինը բարձրացրեցին և մի քանի ամիս հետո արտոնությունների նախագիծ բերեցին։