Առաջարկվում է նոր ձեռք բերված Karcher տեսակի մեքենաների թվաքանակով վարորդների հաստիքացուցակ ընդունել
Օրեր առաջ համայնքային հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով. ստացել ենք 12 նոր Karcher տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Առաջարկվում է այդ մեքենաների թվաքանակով վարորդների հաստիքացուցակ ընդունել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 22-ի նիստին ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում համայնքային հիմնարկի ծախսը կավելանա 58 մլն դրամով»,- ասաց նա՝ ներկայացնելով համայնքային հիմնարկում հաստիքային փոփոխությունների մասին նախագիծը:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել այն վերանայման, նոր ընդունել. «Մենք չենք ցանկանում, որ Երևանի աշխատողները գիշերները չքնեն ու աշխատեն առանց հերթափոխի: Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենաների համար առնվազն 18 հաստիք լինի, որ մարդիկ կարողանան երկու գիշեր աշխատել, մի գիշեր գոնե տանը քնել»:
Սաշա Կատվալյանն արձագանքեց՝ համաձայն չէ դիտարկման հետ, քանի որ օրենքով սահմանված շաբաթական աշխատելաժամանակը պահպանվում է:
«Եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում գիշերային հերթափոխի քանակը պետք է ավելացնենք, քանի որ սա առաջին անգամ չէ, որ վարորդներն աշխատում են գիշերը:
Մենք այս պահին աշխատեցնում ենք նաև 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ: Եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, ապա հաստիքների քանակը 1,5 անգամ պետք է ավելացնենք: Չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել, նոր ձեռքբերված 12 ավտոմեքենաների համար ընդունենք 18, իսկ նախկինում ձեռք բերված ավտոմեքենաների համար, որոնք 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողնենք նույնը»,- ասաց նա:
Սաշա Կատվալյանը նաև տեղեկացրեց, որ փոշեկուլ, ջրցան տեխնիկաներն աշխատում են 12:00-ից մինչև լուսաբաց՝ 06:00-07:00-ը՝ կախված երթևեկության ինտենսիվության նվազումից, իսկ աղբահանության մեքենաները դուրս են գալիս 20:00-20:30-ից: Հավաքարարները դուրս են գալիս հիմնականում 22:00-ից մինչև լուսաբաց՝ կախված վարչական շրջանից: