Նախարար Վահան Քերոբյանը՝ Իրանում գինովցած լինելու լուրերի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ ավելի վաղ 168-ի հրապարակած այն տեղեկություններին, ըստ որի Իրան կատարած այցը Քերոբյանը տապալել է, քանի որ խմած է եղել և ի վիճակի չի եղել գնալ հանդիպման։
Նախարարը նշեց, որ 168-ի հարցերին պատասխանել է Sputnik Armenia-ի եթերում։
Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների վերոնշյալ հարցին՝ ընդգծելով, որ մեկ բանը երկու անգամ չի ուզում ասել․
«Մոտավոր նոյեմբերի 26-ից մինչև հիմա ես տվել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ։ Կոնկրետ նորմալ հարց տվեք։ Ձեր հարցի պատասխանը հրապարակային արդեն տվել եմ, ինչո՞ւ եք ստիպում, որ ես հարկատուների վճարած ժամանակը ծախսեմ կրկնությունների վրա»։
Լրագրողի այն հարցին՝ որպես այս կառավարության անդամ արդյո՞ք իրեն չի մտահոգում, որ լրատվամիջոցների մուտքը Սյունիքի մարզ առանց ԱԱԾ թույլտվության արգելվում է, նախարարը նշեց, որ տեղյակ չէ այդ որոշման մասին․ «Դա կառավարության որոշումը չէ։ ԱԱԾ-ն երևի տիրապետում է իրավիճակին, ոչ թե երևի, այլ հաստատ տիրապետում է իրավիճակին»։



