Մնացականյանը խոստովանեց․ Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ
Իրանը դարպաս է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ։Միևնույն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Որովհետև մենք նաև կարևորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ․․․
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC-ի լրագրող Սթիվըն Սակուրի՝ Իրան թե ԱՄՆ երկընտրանքին վերաբերվող հարցերին։
Սթիվըն Սակուր. Այսպիսով, նախքան ավարտելը ցանկանում եմ անդրադառնալ մի առանձնահատուկ մարտահրավերի: Դուք գտնվում եք բարդ հարևանությունում: Դուք ունեք, այսպես ասած, հետաքրքիր հարևաններ: Ձեր հարևաններից մեկը Իրանն է: Իրանի հետ ձեր տնտեսական հարաբերությունները գնալով ավելի սերտ են դառնում: Դուք ունեք ընդհանուր գազատար և նաև այլ ծրագրեր: Ամերիկացիներն այժմ պահանջում են, որ դուք կիրառեք իրենց պատժամիջոցները Իրանի դեմ, ինչը կազդի Իրանի հետ ձեր տնտեսական հարաբերությունների վրա: Ձեր վարչապետը և կառավարության մյուս անդամներն ասել են, որ դուք դա չեք անի, և որ նրանք վճռական են պահպանել սերտ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Ուրեմն ո՞րն է ձեր դիրքորոշումը այս հարցում:
Զոհրաբ Մնացականյան. Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ: Եվ դուք միանգամայն ճիշտ եք, դա շատ բարդ է: Շատ բարդ, երբ ձեր գործընկերները միմյանց հետ խնդիրներն ունեն: Եվ մենք պետք է փնտրենք…
Սթիվըն Սակուր. Եվ ես հարցականի տակ եմ դնում ձեր առաջնահերթությունները: Ի՞նչ եք անելու: Հաճոյանալու՞ եք ամերիկացիներին, թե՞ ոչ:
Զոհրաբ Մնացականյան. Մենք ունենք ռազմավարական նշանակության հարևանություն՝ Վրաստանը և Իրանը: Իրանը դարպաս է, Իրանը շատ կարևոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայություն, հայկական ժառանգություն, խոսքը մի ժողովուրդի մասին է, որը մեզ շատ լավ հայտնի է: Եվ մենք, իհարկե, հավատարիմ ենք այս հարաբերություններին, և միևնույն ժամանակ…
Սթիվըն Սակուր. Հավատարիմ, այսինքն ձեր ուղերձը Բոլթոնին եղել է «մոռացեք դրա մասին»:
Զոհրաբ Մնացականյան. Միևնույն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Որովհետև մենք նաև կարևորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից: Պարոն Բոլթոնի հետ երկխոսությունը, ԱՄՆ-ի իշխանությունների, վարչակազմի հետ երկխոսությունը հենց դրա մասին են, թե ինչպես ենք մենք համադրում մեր շահերը տարածաշրջանային գործընթացների շրջանակում: Եվ դա հնարավոր է: Դա շատ դժվար գործողություն է և դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք:
Սթիվըն Սակուր. Ավարտելով փոխաբերությունը. «եթե սանձը բաց թողնեք և ընկնեք, կարող եք ձեզ վնաս պատճառել, դրա հնարավորությունը ավելի մեծ է»:
Զոհրաբ Մնացականյան. Այո, եթե մենք մեզ թույլ տանք շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե մեզ անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնենք այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում: Դուք չեք երաշխավորում, որ եթե մենք հայտարարենք... Ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյոք դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում: