հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մնացականյանը ԱՊԼ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը

Մնացականյանը ԱՊԼ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ 

Նախարար Մնացականյանը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գուհունակությամբ ընդգծվեց հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի  հարաբերությունների ամրապնդման գործում:

ԱԳ նախարարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձան Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն հայտնվեց այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվեց տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը։

ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքները:

  • Կիսվել: